Բարձրահարկ շենքերի վրա կառուցված նոր հարկեր, տանիքների ձեւափոխում, շենքերից նկատելիորեն դուրս ցցված մեծ պատշգամբներ, մայթերի վրա գտնվող վաճառակետեր, շենքերի բակերում՝ ավտոտնակներ․․․ Այսպիսի բազմաթիվ ինքնակամ շինություններ կարելի է նկատել Երեւանի փողոցներում, որոնք կառուցվել են առանց համապատասխան շինթույլտվության։ Դրանք քաղաքի ճարտարապետական դիմագիծն են աղավաղում, բացի այդ՝ դրանցից շատերը վտանգավոր են, քանի որ սեյսմակայուն չեն, կարող են փլուզվել երկրաշարժի դեպքում։
Հուլիսի 8-ին կայացած՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների եւ օրենսդրական պահանջներին հետեւելու կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են ե՛ւ դրանք տիրապետողների, ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի համար: Այժմ քաղաքապետարանն ուսումնասիրություններ է կատարում եւ կկայացնի համապատասխան որոշումներ։ Մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը ինքնակամ շինությունը գրանցելու վերաբերյալ դիմում ներկայացրած քաղաքացիներից շատերի կառույցները կօրինականացվեն։
«Սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվելու են։ Պարզապես օրինականացվողների ծավալն էականորեն մեծ է լինելու այս շրջանում։ Եվ ես հատուկ ուզում եմ շեշտել, որ որեւէ տեսակի միջնորդական ծառայություն այս գործընթացում չկա եւ չի կարող լինել։ Եթե որոշ ընկերություններ կամ մարդիկ կմոտենան ձեզ այս կամ այն հարցով՝ օրինականացման հետ կապված, կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, ապա տեղեկացնեմ, որ դրանք, ուղղակի այս իրավիճակից օգտվելով, փորձում են որոշակի գումար վաստակել: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ նրանք որեւէ ազդեցություն չունեն եւ չեն կարող ունենալ այս որոշումների վրա»,- գործակարգավարական նիստի ընթացքում վստահեցրեց Երեւանի քաղաքապետը։
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ որպեսզի մարդիկ ինքնակամ շինություններ չկառուցեն, շինարարության թույլտվության ընթացակարգը պետք է լինի պարզ ու հասկանալի, մինչդեռ Երեւանում շինթույլտվություն ստանալը չափազանց դժվար է։
«Եթե չունես ծանոթ մարդ ու փող, որ տաս ինչ-որ մեկին, որը քո հարցով կզբաղվի, ապա չես կարող շինթույլտվություն ստանալ։ Մարդիկ ամիսներով կարող են գնալ, խնդրել․․․ Բնականաբար, սա հանգեցնում է ինքնակամ շինությունների կառուցման։ Օրենսդրությունը կարգավորված չէ։ Հասկանալի չէ՝ ով ինչ կարող է կամ չի կարող անել։ Սուբյեկտիվորեն ինչ-որ մարդիկ կոռուպցիոն ռիսկեր ունեցող ընթացակարգերով որոշում են, թե Երեւանում ով, որտեղ ինչ կարող է կառուցել։ Շինարարությունը պետք է թույլատրվի քաղաքային պլանավորման փաստաթղթերով»,- բացատրում է ճարտարապետը։
Ըստ նրա՝ շինթույլտվությունը հաճախ որպես քաղաքական լծակ են օգտագործում։ Հատկապես Երեւանի քաղաքային իշխանության (նախկինում Երեւանի քաղաքապետի, այժմ՝ ավագանու) ընտրության ժամանակ օգտագործվում է «մեզ աջակցի՛ր, քեզ շինթույլտվություն կտանք, որեւէ տեղ շենք կկառուցես» սկզբունքը։ Սարհատ Պետրոսյանն ասում է՝ սա հսկայական կոռուպցիոն համակարգ է, որն իշխանությունը բարեփոխելու ցանկություն չունի։
«Սա քաղաքական լծակ է այն իշխանության համար, որի ուշք ու միտքը հաջորդ ընտրություններում ընտրվելն է։ Աշխարհում բոլոր իշխանությունները ցանկանում են վերընտրվել, բայց կան որոշակի բարոյական նորմեր։ Քաղաքային պլանավորմամբ հնարավոր է անել այնպես, որ իրենցից շատ քիչ բան կախված լինի, բայց դա նույնն է, որ ինչ-որ չինովնիկի ասեն՝ կտրի՛ր այն ճյուղը, որի վրա նստած ես։ Չի՛ կտրի, քանի որ ամենավերեւից մինչեւ ներքեւ չկա քաղաքական կամք։ Ինչ-որ հայտարարություններ են անում, բայց ո՛չ մի բան էլ չեն անելու, ոչի՛նչ չի փոխվելու։ Ո՛չ գլխավոր հատակագծով է այս հարցը լուծվելու, ո՛չ այլ կերպ»,- ասում է ճարտարապետը։
Նույնիսկ ինքնակամ շինությունների քանդման աշխատանքների գործընթացը հասկանալի չէ․ պարզ չէ՝ ինչպես է ստացվում, որ մեկը քանդում են, մյուսը՝ ոչ։ Վերջերս ճարտարապետի ծանոթներից մեկը դիմել է քաղաքապետարան՝ տեղեկացնելով, որ շենքի ֆասադի վրա ուզում է օդորակիչ տեղադրել։ Քաղաքապետարանում քաղաքացուն ասել են՝ գնա՛, տեղադրի՛ր։ Քաղաքացին հարցրել է՝ արդյո՞ք դրա համար թույլտվություն չպետք է ստանա, ասել են՝ ոչ, մինչդեռ օրենքով անհրաժեշտ է թույլտվություն ստանալ նույնիսկ օդորակիչ տեղադրելու համար, քանի որ շենքի արտաքին տեսքը քաղաքացու սեփականությունը չէ, նրան պատկանում է միայն շենքի ներսում գտնվող տարածքը։ Ընդ որում, շենքի ներսում էլ ամեն փոփոխություն թույլատրելի չէ (օրինակ՝ սյուները, հիմնական պատերը չի կարելի քանդել)։ Մեզանում այս գիտակցումը չկա։
Ճարտարապետը բացատրում է՝ կա ընթացակարգ․ քաղաքացին դիմում է՝ տեղեկացնելով, որ ինչ-որ բան է ուզում կառուցել։ Քաղաքապետարանը տալիս է նախագծման թույլտվություն։ Հաջորդիվ նախագիծն է արվում, ապա՝ տրամադրվում է շինթույլտվությունը։ Իսկ երբ Երեւանի քաղաքապետարանն է շինարարություն անում, այդ ընթացակարգերով չի անցնում։
«Ոմանք կարող են զարմանալ՝ քաղաքապետարանն ինքն իրեն շինթույլտվությո՞ւն պիտի տա․ այո՛, պիտի տա։ Երեւանի քաղաքապետարանն ի՛նքն է ինքնակամ շինարարություն իրականացնում, որովհետեւ թույլտվություն չի ստանում։ Մայթերի վրա տեղի են ունենում փոփոխություններ։ Քաղաքապետարանը տենդեր է շահում, ինչ-որ տեղ թեքահարթակ են դնում կամ այլ բաներ փոխում, մայթեր լայնացնում՝ առանց նախագծային թույլտվության։ Պատկերացնո՞ւմ եք՝ պետությունն է ինքնակամ շինարարություն անում, ուր մնաց՝ մարդիկ չանեն»,- մտահոգվում է ճարտարապետը։
Ինքնակամ շինություններից շատերը սեյսմակայուն չեն, դրանցում հակահրդեհային կանոնները պահպանված չեն։ Երկրաշարժի դեպքում մեծաթիվ զոհեր կարող են լինել։ Բազմաթիվ շենքերի նկուղային հարկերում խանութներ են կառուցում, քանդում այնտեղ եղած սյուները։ Դրանք քանդելով՝ շենքը թուլացնում են, այսինքն՝ սեյսմակայությությունը նվազեցնում։ Այսպիսի դեպքերը քիչ չեն, իսկ վերահսկողություն չկա։
Քաղաքային կառավարման մեջ օրենքին չհետեւելու դեպքերը շատ են։ Սարհատ Պետրոսյանը դրանցից մեկը մատնանշում է․ Երեւանի կանաչապատմամբ զբաղվող ՀՈԱԿ-ն այսօր ոռոգման ցանցի մոնտաժման աշխատանքներ է կատարում, այն դեպքում, երբ դա լիցենզավորված գործընթաց է։ Այդ աշխատանքը պիտի անեն համապատասխան որոկավորում ունեցող մասնագետներ, մինչդեռ Երեւանի քաղաքապետարանը, խախտելով օրենքը, այգեպաններին է աշխատանքը տվել, նրանք են ոռոգման համակարգեր անցկացնում։
Երեւանում իրականացվում է մեծածավալ շինարարություն․ շենքերը շատ խիտ են, սխալ կառուցված։ Կանաչ տարածքներն ու ջրաթափանց մակերեւույթները նվազեցվում են։ Կառուցապատման խտացմանը զուգընթաց՝ տրանսպորտի խնդիրը չի լուծվում։ Շենքերը խտացնել կարելի էր այն դեպքում, եթե մարդիկ այլընտրանքային տրանսպորտով երթեւեկելու հնարավորություն ունենային։ Օրինակ՝ Կոմիտասի պողոտայում ակտիվ շինարարություն է ընթանում․ այդ տարածքում առաջիկայում ավելի շատ մարդիկ պիտի ապրեն։ Բնականաբար, այնտեղ խցանումներ են լինելու, որը հանգեցնելու է օդի աղտոտման։ Նման դեպքերում պետք է տրանսպորտը նորմալ աշխատեր, մարդիկ տրամվայներով երթևեկելու հնարավորություն պետք է ունենային, որի աշխատանքի դեպքում օդը չէր աղտոտվի։
«Սա շատ ավելի վտանգավոր է, քան այն, ինչ 2000-ականներին կատարվեց Հյուսիսային պողոտայում, երբ մի ամբողջ պատմական շերտ էր քանդվում։ Քաղաքի արվարձանները խայտառակ վիճակի են հասցնում։ Հետո շարժվել չի լինելու այս քաղաքում։ Իսկ մեր ինդուստրիալ ժառանգությունը, շենքները քանդվում են առանց երկար-բարակ մտածելու։ Դրանց փոխարեն կառուցվում են տուփերի նմանվող շենքեր, որտեղ մարդիկ են ապրում»,- նշում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։
Երևանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը կարծում է՝ ճարպիկ ու կապեր ունեցող քաղաքացիներն են շինթույլտվություն ստանում։ Մնացյալ դեպքերում մարդիկ հայտնվում են բյուրոկրատական քաշքշուկի մեջ։
«Որոշ դեպքերում կառուցապատողներին աջ ու ձախ թույլտվություն են բաժանում, մինչդեռ քաղաքի ենթակառուցվածքները չեն բավականացնում, այսինքն՝ չի կարելի այդքան շենքեր կառուցել։ Երբեմն ճանապարհներն են փակվում, ջրատար ու գազատար խողովակներ կամ էլեկտրաէներգիայի մալուխներ անցկացնելն անհնար է դառնում»,- մանրամասնում է Մանուկ Սուքիասյանը։
Վերջերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկը դիմել է Սուքիասյանին, պատմել, որ իրենց տուն տանող ճանապարհին շինություն է կառուցվել, ուստի իրենք չեն կարողանում մոտենալ տան պարիսպներին։ Ավագանու անդամը դիմել է պատկան մարմիններին։ Պարզվել է՝ այդ կառույցի համար համապատասխան թույլտվություն է տրամադրվել, թեեւ տվյալ հատվածում կառուցապատում իրականացնելն անտրամաբանական է։
Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունը շատ բարեհաճ է հատկապես բիզնես նպատակով կառուցվող բազմաբնակարանների սեփականատերերի նկատմամբ։ Իսկ մասնավոր նպատակով կառուցվող փոքր շինությունների դեպքում սովորաբար գործընթացը ձգձգում են, ստեղծում այնպիսի վիճակ, որ մարդը ստիպված ջանում է ծանոթ փնտրել, որն իրեն կօգնի շինթույլտվություն ստանալու գործում։
«Սա խայտառակ կառավարման հետեւանք է։ Քաղաքային կառավարման բոլոր ոլորտները կոլապսի մեջ են։ Կոռուպցիոն սեւ խոռոչները շատ են։ Ցավոք, իշխանությունն այս խնդիրները լուծելու ցանկություն կամ քաղաքական կամք չունի»,- եզրափակում է Մանուկ Սուքիասյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։