Եթե նայեք անցած տասնամյակին, ապա թվում է, թե Ադրբեջանն իրեն շատ ավելի է զինել, քան Հայաստանը։ Այս մասին Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում խոսքերը X էջում կատարած գրառումներով ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Մակրոնը ելույթի ընթացքում նաեւ հիշեցրել է, որ զինվելուց հետո Ադրբեջանն էր հենց 2020 թվականին «սարսափելի պատերազմ սկսել»։
Անդրադառնալով Հայաստանի հետ Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության ու նոր սպառազինությունների վաճառքի մասին Ֆրանսիայի նախագահը ընդգծել է․ «նորմալ է պարզապես պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել եւ զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից»:
Խոսելով խաղաղության գործընթացի մասին Մակրոնը նշել է․ «Հայաստանի հեռանկարը խաղաղություն է, Ֆրանսիայի հեռանկարը՝ խաղաղություն, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղություն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն հաշտության պայմանագիրը, մենք կաջակցենք նման պայմանագրին»։
Նշենք, որ նախօրեին նաեւ կայացել էր Ֆրանսիայի նախագահի առանձին հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ Մակրոնն ու Փաշինյանը զրույցի ժամանակ կարեւորել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերը: