Թուրքիայում մոտ ժամանակներում տեղի կունենա «3+3» հարթակի արտգործնախարարների ձեւաչափով հանդիպում։ Այս մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանն առաջարկել է «3+3»-ի գաղափարին, եւ առաջին հանդիպման անցկացումը 13-րդ կառավարության (հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի կառավարության) ձեռքբերումներից մեկն էր։ Այս հարթակի արտգործնախարարների հանդիպումն առաջին անգամ կայացել է Թեհրանում, իսկ հաջորդ հանդիպումը շուտով կկայանա Թուրքիայում»,-ասել է դիվանագետը։
Անդրադառնալով Արցախի խնդրին Իրանի դեսպանը հիշեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը աջակցել ու աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը, եւ նշել, որ միեւնույն ժամանակ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների ու աշխարհաքաղաքական բնույթի փոփոխություններին։
Սոբհանին նաեւ Հայաստանի Սյունիքի մարզը բնութագրել է Իրանի համար ռազմավարական կարեւորություն ունեցող, քանի որ այն կարեւոր դեր է խաղում Իրանի եւ Հայաստանի միջեւ անվտանգության ապահովման եւ առեւտրաշրջանառության մեջ։ Այս համատեքստում դեսպանը մատնանշել է Կապանում Իրանի նորաբաց հյուպատոսության գործունեությունը՝ նշելով, որ այն «բարելավել է սահմանային հաղորդակցությունն ու խնդիրների անհապաղ լուծումը»։
Նա նաեւ նշել է, որ Կապանում աշխատող իրանցի վարորդները հյուպատոսության առկայության շնորհիվ կարողացել են մասնակցել Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին։
Բացի այս Իրանի դեսպանը նաեւ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը նպատակ ունի կրկնապատկել Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները։
«Մեր հաջողություններից էր երկու երկրների միջեւ գազի եւ էլեկտրաէներգիայի քլիրինգային համաձայնագրի երկարաձգումը մինչեւ 2030 թվականը։ Մենք տարեկան 360 մլն խմ գազ ենք արտահանում Հայաստան եւ դրա դիմաց ներմուծում էլեկտրաէներգիա։ Ինչպես նաեւ, մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, եւ մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից»,-ասել է Սոբհանին։
Դիվանագետը նաեւ հավելել է, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները 200 միլիոն դոլարից հասել է 700 միլիոն դոլարի։