Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») հուլիսի 17-ին նամակ էր ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ։ Արդյուքնում կառույցը որոշում էր կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու մասին։ Այս մասին հայտնում է հայտնում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով:
Տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել:
ՍԱՏՄ նշում է, որ այն խնդիրները, որոնք հայտնաբերել է «Ռոսսելխոզնադզոր»-ը «կարգավորվում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջեւ սննդամթերքի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով՝ սննդամթերքի շրջանառության համար նախատեսված համապատասխանության գնահատման միջոցով, որն իրականացվում է հավատարմագրված լաբորատորիաների կամ գնահատող մարմինների կողմից՝ տնտեսավարողի ընտրությամբ։ Ըստ օրենսդրության, այդ խնդրին Տեսչական մարմինը կարող է անդրադառնալ միայն բողոքի, ահազանգի մասին հաղորդագրության, դիմումի առկայության դեպքում: Եթե այդպիսիք չկան, ուրեմն համակարգը հստակ աշխատում է»:
Կառույցը հիշեցնում է, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման նպատակով իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են եւ դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն:
«Այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ. բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ եւ նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ: