Գունաթափված ու տեղ-տեղ դժվարընթեռնելի գրառումները, որ ժամանակին կատարել է Հասմիկ Մեհրաբյանի պապիկը, այսօր թոռնուհու համար արժեքավոր ժառանգություն են։ Hasi nature-ի հիմնադիրը հենց պապիկի գրառումներից ոգեշնչված է սկսել բուժական ազդեցությամբ խնամքի բնական միջոցների իր արտադրությունը։
Հասմիկի պապիկը դեղաբույսեր է հավաքել, բաղադրատոմսեր ստեղծել, գրել-կազմել մի ամբողջ ձեռագիր գիրք՝ ներառելով նաեւ իր պապիկից մնացած գրառումները։ Նա տարբեր բույսերի ու մեղվամթերքի միջոցով բազմաթիվ բուժական միջոցներ է պատրաստել՝ հայտնի դառնալով հայրենի Շիրակում։
Hasi nature-ի հիմնադիրն էլ դեռ մանկուց հետաքրքրվել է սերնդեսերունդ փոխանցված գործով։ Տարիների ընթացքում բուժական ազդեցությամբ կոսմետիկ միջոցներ է սկսել պատրաստել թե՛ ժառանգած, թե՛ իր ստեղծած բաղադրատոմսերով։ Մեր զրուցակիցը լավ է հիշում առաջին պատրաստած միջոցը՝ ակնամոմով քսուքը, որի վերջնական տարբերակն ստանալու համար Հասմիկից վեց տարի է պահանջվել։
«Թեեւ բաղադրատոմսը կար, բայց անհրաժեշտ էր այն բարելավել, ուսումնասիրել մեր ժամանակներում գործածվող լավագույն միջոցները, որոնք համադրելի կլինեին ու հնարավոր ամենաորակյալ արդյունքը կտային։ Ակնամոմով քսուքը մաշկային հիվանդությունների մեծ մասի դեպքում դրական ազդեցություն է թողնում, եւ պետք էր գտնել լավագույն բաղադրատոմսը»,- ասում է Հասմիկը։
Բազմաթիվ փորձարկումները ու երկար ճանապարհն իրենց արդյունքը տվել են․ մեկ տեսակի քսուքի փոխարեն Հասմիկն արդեն 20 անուն արտադրանք ունի։ Պատրաստում են ինչպես դեմքի, շուրթերի, այնպես էլ ոտքերի, մազերի խնամքի միջոցներ։ Դրանք բացառապես բնական հումքից են, չեն օգտագործվում քիմիական հավելումներ, ներկանյութեր։
Աշխատանքի հիմնական մասը ձեռքով է՝ բույսերը հավաքելուց մինչեւ բուն արտադրանքի ստեղծումը։ Դեղաբույսերը հավաքվում են Շիրակի մարզից՝ բնակավայրերից ու ճանապարհներից հեռու գտնվող տարածքներից։ Չեն գնում վաճառողներից, իրենք են քաղում։
«Պապիկս էլ բոլոր դեղաբույսերն իր ձեռքով էր հավաքում ու միշտ ասում էր՝ «բույսը հավաքողն իր էներգիան էլ է տալիս, պետք է գործողությունները ճիշտ անել, որ բույսը վերքին դարման դառնա։ Եթե սխալ ժամանակ հավաքես, սխալ չորացնես, օգտակարությունը կորցնելու է»»,-հիշում է Հասմիկը։
Դեղաբույսեր կան, որոնք անհրաժեշտ է քաղել վաղ առավոտյան, քանի դեռ դրանց վրա շաղ կա։ Որոշ հիվանդությունների բուժման համար բժիշկները հորդորում են ոտաբոբիկ քայլել շաղի վրայով։ Դա պատահական չէ, քանի որ գիշերվա ընթացքում այդ շաղի մեջ հավաքվում են դեղաբույսերի բազմաթիվ բուժիչ նյութեր։
«Դեղաբույսեր էլ կան, որոնք պետք է հավաքել երեկոյան՝ արեւի մայր մտնելուց հետո, երբ արդեն բոլոր միջատները վրայից իջել են։ Կարեւոր է բույսի ճիշտ հատվածը քաղելը, որոշների դեպքում՝ միայն ծաղիկները, վերեւի չորս տերեւները կամ միայն սերմերը։ Որոշ բույսերի դեպքում միայն արմատն է պետք, ու քաղելու կոնկրետ սեզոն կա։ Բույս կա, որի քաղելու համար միայն մեկ շաբաթ ժամանակ կա։ Այդ ընթացքում պետք է հասցնել հավաքել, անհրաժեշտ քանակով, ամբարել, հետո սկսել մշակումը»,-նկարագրում է Հասմիկը, որն այդ ողջ գործընթացին թե՛ մասնակցում է, թե՛ հսկում։
Շիրակից քաղված բույսերը տեղափոխվում են Արմավիրի մարզ՝ Էմիջածին, որտեղ գտնվում է Hasi nature-ի արտադրամասն ու լաբորատորիան։ Ցանկացած միջոցի ստեղծումից առաջ հիմնադիրը համագործակցում է տարբեր բժիշկների՝ մաշկաբանների, թերապեւտների, ալերգոլոգների, պոդոլոգների, հոդաբանների հետ։ Միայն նրանց մասնագիտական հավանությունը ստանալուց հետո են սկսում աշխատել։
Հասմիկն իր հաջողության բանաձեւը պարզ է նկարագրում՝ աշխատասիրություն, բնական արտադրանք ու որակ։ «Ինչքան ուզում ես, լավ մարքեթոլոգ եղիր․ արտադրանքը չի վաճառվելու, եթե որակ չկա։ Եթե այն պահանջված է, գործը հեշտանում է։ Ձեռներեցությունը դժվար է, չպետք է վախենալ, նպատակ դնել, հասնել, գերազանցել ինքդ քեզ ու անցնել հաջորդին»,-ասում է Հասմիկը՝ նշելով, որ արդեն աշխատում են արտադրանքը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ արտահանում սկսելու համար։ Այժմ արտադրանքը ներկայացվում է հայաստանյան շուկայում, ցուցահանդեսներում, առցանց հարթակներում։
Ֆլորա Վարդանյանը Hasi nature-ի մշտական գնորդներից է։ Նա «Հանուն հայկականի» առցանց հարթակի հիմնադիրն է։ Մի քանի տասնյակ հազար անդամ ունեցող խմբի մասնակիցները ներկայացնում են իրենց արտադրանքը կամ ծառայությունը, անմիջականորեն շփվում գնորդների հետ։
Հասմիկի արտադրանքում Ֆլորան կարեւորում է ավանդույթների պահպանումը։ Ակնամոմով քսուքը իրեն մանկություն է տարել՝ տատիկի պատրաստածը հիշեցնելով։ Խմբի դերը հայկական արտադրանքի ճանաչման ու սպառման հարցում կարեւորում է հենց այն հանգամանքով, որ այդտեղ վաճառող-գնորդ անմիջական կապ է ստեղծվում։
«Հիսունհինգհազարանոց հարթակն օգնում է անմիջականորեն ներկայացնել արտադրանքն ու լսել՝ հաճախորդին ինչ է հետաքրքրում, ինչ կուզեր փոփոխել, ինչն է կարեւորում։ Այստեղ արտադրողներն իրենց դեմքով ու անունով են ներկայանում, գնորդը գիտի՝ ումից եւ ինչ է գնում։ Մասնակցայնությունն էլ հնարավորություն է տալիս մեծացնելու հայկականի հանդեպ հետաքրքրությունը»,-ներկայացնում է Ֆլորան՝ նշելով, թե Հասմիկի պատմությանը եւս բազմաթիվ մարդիկ ծանոթացել են խմբի միջոցով։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: