Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ավիահարվածի հետեւանքով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւ «Իզ ալ-Դին ալ-Քասամ» բրիգադի հրամանատար Մուհամմադ ալ-Դեյֆի մահվան մասին։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը մեջբերում է իսրայելական 14 Channel-ը։
ՀԱՄԱՍ-ի Խան Յունիս բրիգադի հրամանատար Ռաֆա Սալամանի եւ Մուհամմադ ալ-Դեյֆի դեմ իրականացրած գործողության մասին իսրայելական կողմը հայտարարել էր դեռ հուլիսի 13-ին, սակայն նրանց մահվան մասին տեղեկությունները զինվորականները այդ ժամանակ չէին կարողացել հաստատել։
Դեյֆը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների ծրագրման եւ իրականացման գլխավոր պատասխանատուներից մեկը։
Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու թիրախները՝ Դեյֆը եւ Սալաման, սպանվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգի ալ-Մավասի շրջանում իրականացված ավիահարվածի արդյունքում:
Al-Arabiya-ն էլ գրում է, որ Մուհամեդ ալ-Դեյֆը հարվածի պահին եղել է Սալամայի կողքին, ում մահը նույնպես հաստատել է իսրայելական կողմը։ The Jerusalem Post-ը նշում է, որ ալ-Դեյֆը կարող էր լուրջ վիրավորվել, սակայն նրա մարմինը այդպես էլ չի հայտնաբերվել հարվածի վայրում:
Channel 14-ի հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը հերքում է ալ-Դեյֆի սպանությունը: «Նա դեռ ողջ է, լսում է Նեթանյահուի հայտարարությունները եւ ծաղրում», — մեջբերում է հեռուստաալիքը շարժման հաղորդագրությունը։
Իսրայելի զինվորականները 2002 թվականից ի վեր մոտ տասը անգամ փորձել են սպանել Մուհամմեդ ալ-Դեյֆին։ 2014 թվականի օգոստոսին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի Շեյխ Ռադուանի տարածքում գտնվող շենքին: Հարվածի թիրախը, ըստ ՀԱՄԱՍ-ի, եղել է ալ-Դեյֆի տունը։ Ավելի ուշ AFP-ն՝ վկայակոչելով շարժման ներկայացուցչին, հայտնել էր, որ այդ ժամանակ հարձակման հետեւանքով զոհվել էին ալ-Դեյֆի կինը եւ հինգ տարեկան դուստրը։
2024 թվականի մայիսի 20-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դատարանից նրան ձերբակալելու օրդեր էր խնդրել։ Նույն օրը՝ Խանը դատարանից խնդրել էր ձեբակալության որոշումներ կայացնել նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար: