Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Կիեւին ցուցաբերած «չափազանց կարեւոր» աջակցության համար եւ նախագահական մրցապայքարից դուրս գալու նրա որոշումը անվանել է «դժվար, բայց ուժեղ»: Այս մասին X-ի էջում գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքերով վերջին տարիներին նախագահ Բայենը կայացրել էր բավականին շատ կարեւոր որոշումներ, որոնք հիշվելու են դժվար ժամանակներին նրա կողմից իրականացված համարձակ քայլեր։
«Մենք հարգում ենք նրա այսօրվ դժվար, բայց ուժեղ որոշումը։ Մենք միշտ երախտապարտ կլինենք նախագահ Բայդենի առաջնորդության համար։ Նա աջակցեց մեր երկրին պատմության ամենադրամատիկ պահին, օգնեց մեզ կանխել մեր երկրի պուտինյան օկուպացիան եւ շարունակում է աջակցել մեզ այս սարսափելի պատերազմի ընթացքում: Ներկայիս իրավիճակը Ուկրաինայում եւ ամբողջ Եվրոպայում մնում է ոչ պակաս դժվար, եւ մենք անկեղծ հույս ունենք, որ Ամերիկայի շարունակական ուժեղ առաջնորդությունը կխանգարի ռուսական չարիքին հասնել իր ագրեսիայի հաջողությանը կամ արդյունքներին»,-գրել է Զելենսկին։
Հուլիսի 21-ին Ջո Բայդենը հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին։ Նա հայտարարել է, որ չի ձգտելու վերընտրվել նոր նախագահական ժամկետում եւ առաջարկել է դիտարկել փոխնախագահ Քամալա Հարիսին թեկնածությունը՝ որպես պետության ղեկավարի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից։
Նախորդ շաբաթ Հանրապետական կուսակցության համագումարում Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի թեկնածու պաշտոնապես առաջադրելուց հետո Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Ուկրաինայի նախագահը տելեգրամյան էջում հայտնել էր, որ դատապարտել էր Թրամփի դեմ Փենսիլվանիայում տեղի ունեցած մահափորձը եւ ընդգծել «երկկուսակցական եւ երկպալատ ամերիկյան աջակցության կենսական նշանակությունը՝ Ուկրաինայի ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար»։ Զելենսկու խոսքով՝ ինքը համաձայնել է անձնական հանդիպման ժամանակ քննարկել Թրամփի հետ կայուն խաղաղության հասնելու միջոցները։ Թրամփը Զելենսկու հետ զրույցն անվանել է «շատ լավ»։