Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Ռումինիան ծրագրում են 2024 թվականին Բուխարեստում ստորագրել «Կասպից ծով-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային երթուղու ստեղծման քառակողմ միջկառավարական համաձայնագիր։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ հարցը քննարկվել է Բուխարեստում Ռումինիայի տրանսպորտի նախարարության պետքարտուղար Ադրիան Գեորգե Ֆոգիսի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ախմեթ Գուրբանովի միջեւ կայացած բանակցությունների ժամանակ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն կողմերը «խորքային եւ շահագրգիռ երկխոսություն են անցկացրել երկկողմ օրակարգի բոլոր առանցքային ոլորտների՝ ներառյալ քաղաքական եւ դիվանագիտական փոխգործակցության, առեւտրի, տնտեսական եւ մշակութային-կրթական գործընկերության հարցերի շուրջ»:
Ավելի վաղ հաղորդվել էր Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով թուրքմենական գազի Թուրքիա մատակարարումների հնարավոր մեկնարկի մասին։ Եվրամիությունը նախատեսում է 10 միլիարդ եվրո ներդնել Եվրոպան Կենտրոնական Ասիան կապող Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շահագործման համար։