Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ԱՄՆ-ում նախագահական մրցավազքի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը կօգնի վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։
«Իհարկե, մենք չենք կարող միջամտել որեւէ մեկի ընտրություններին, հատկապես այնպիսի մեծ երկրի նախագահական ընտրություններին, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Դա մեր գործը չէ: Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի արագ կավարտվի։ Հետեւաբար, մեր տարածաշրջանն ավելի արագ կհանդարտվի, ինչը կփոխի վերաբերմունքը, մասնավորապես, Վրաստանի նկատմամբ։ Եթե տարածաշրջանում խաղաղություն լինի, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։ Այսքանը կարելի է ասել դրա մասին, մնացածը Ամերիկայի ժողովրդի ընտրությունն է»,-ասել է Կոբախիձեն։
Հաջորդիվ վարչապետ Կոբախիձեն սկսել է կշտամբել վրացական ընդդիմությանը՝ նշելով, թե ընդդիմությունն է ժամանակին քննադատել ու վիրավորական խոսքեր հնչեցրել այն ժամանակ դեռ նախագահ Թրամփի նկատմամբ։ «Այսօր նրանց հռետորաբանությունը փոխվել է, քանի որ նրանք կարծում են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհաղթի ընտրություններում, բայց ոչ ոք չի կարող մոռանալ այն կոպիտ հռետորաբանությունը, որը նրանք օգտագործել են տարիների ընթացքում»,-ասել է վարչապետը։
Նա միեւնույն ժամանակ չի մեկնաբանել նոյեմբերին կայանալիք ընտրություններից դուրս գալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը։
Նշենք, որ հուլիսի 16-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարի հետո, որից հետո, ըստ նրա, թյուրըմբռնումը, որը կա Թբիլիսիի եւ Բրյուսելի, ինչպես նաեւ Վաշինգտոնի միջեւ կվերանա եւ Վրաստանը կդառնա «գլոբալ քաղաքականության խաղացողների բոլորովին այլ հետաքրքրության առարկա»: