Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը նախօրեին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ որոշում է կայացվել օգոստոսին նախարարների ոչ պաշտոնական հանդիպումն անցկացնել ոչ թե նախագահող երկրում՝ Հունգարիայում, այլ Բրյուսելում։
«Ես հասկացա, որ մենք պետք է ազդանշան ուղարկենք, թեկուզ միայն խորհրդանշական, որ եթե դուք դեմ եք Եվրամիության հիմնական քաղաքականությանը եւ մերժում եք Եվրամիության քաղաքականությունը՝ այն անվանելով պատերազմի կողմ, ապա պետք է լինեն որոշակի հետեւանքներ։ Եթե նույնիսկ դրանք լինեն ֆորմալ հետեւանքներ, սիմվոլիկ հետեւանքներ։ Ոչ մի առանձնահատուկ բան չի լինելու։ Բայց կարծում եմ, որ տեղին կլինի դրսեւորել այս վերաբերմունքը եւ կոչ անել, որ անցկացվեն արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հաջորդ խորհուրդները՝ ոչ պաշտոնական ձեւաչափով Բրյուսելում»,-հայտարարել է Բորելը հանդիպումից հետո:
Սովորաբար ոչ պաշտոնական հանդիպումներն անցկացվում են ԵՄ-ի ռոտացիոն սկզբունքով նախագահող երկրում։
Հուլիսի 1-ից Հունգարիան դարձել է Եվրախորհուրդը վեց ամսով նախագահող երկիր, որի հաջորդ օրն արդեն վարչապետ Վիկտոր Օրբանը անսպասելի այցով ուղեւորվել էր Կիեւ, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ առաջարկել նախ դիտարկել հրադադարի հաստատման հավանականությունը, ապա նոր անցնել Ռուսաստանի հետ բանակցությունների։
Կիեւից հետո Օրբանն ուղեւորվել էր Մոսկվա, որտեղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերի դիրքորոշումները հակամարտության շուրջ կտրականապես տարբերվում են միմյանցից։ Սրան հաջորդել էր այցը Պեկին եւ հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ, ապա նաեւ Միացյալ Նահանգներ, որտեղ էլ հանդիպել էր նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
Օրբանն իր այցերը անվանել էր «խաղաղության առաքելություն»։ Միաժամանակ նա խոսում է այնպիսի դիրքորոշումներից, որոնք սկզբունքորեն հակասում են ԵՄ երկրների ճնշող մեծամասնության դիրքորոշմանը։
ԵՄ-ն եւ Վաշինգտոնը քննադատել էին Հունգարիայի վարչապետին դաշնակիցների հետ չհամաձայնեցված դիվանագիտական գործունեություն վարելու համար։
Ուկրաինա ռուսական բանակի լայնամասշտաբ ներխուժումից հետո Օրբանը հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, փորձել է սաբոտաժի ենթարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ներդրումը եւ շարունակում է սաբոտաժի ենթարկել ԵՄ մակարդակով Ուկրաինային օգնություն հատկացնելու մասին որոշումները, ինչպես նաեւ մեղադրում է Եվրամիությանը եւ բոլոր դաշնակիցներին, որ նման աջակցություն ցուցաբերելով՝ նրանք միայն երկարացնում են արյունահեղությունը։