Օրեր առաջ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում թափառող շները հարձակվել են երիտասարդ կնոջ եւ 5-ամյա երեխայի վրա: Կատաղած կենդանիները հոշոտել են երեխայի դեմքը, գլուխը, վերջույթները, կծել-վնասել են նաեւ երեխայի մորը: Ձայնի վրա հասած եւս երեք համագյուղացու նույնպես շները տարբեր աստիճանի ծակված, պատռված եւ սալջարդված վնասվածքներ են պատճառել:
Ոսկեհասկ գյուղի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանը տեղեկացնում է, որ վնասվածքներ ստացած չորս քաղաքացիների վիճակը լավ է, հիվանդանոց են դիմել, բուժօգնություն ստացել, բայց չեն հոսպիտալացվել:
5-ամյա տղայի վիճակն այս պահին կայուն է: Մայրաքաղաքի հիվանդանոց են տեղափոխել, լուրջ վիրահատություն արել:
Կյանքին սպառնացող առաջնային վտանգ չկա, բայց կազդուրվելու մասին դեռ վաղ է խոսելը, երեխայի գլուխն ու դեմքը հոշոտված է, նոր վիրահատությունների կարիք դեռ կլինի:
Տեղի ունեցած ահասարսուռ դեպքը մարզի ազգաբնակչության զայրույթը շարժել, համբերության բաժակը լցրել է: Ասում են՝ մարդու կյանքն արժեք չունի, շունը մարդուց ավելի շատ իրավունք ունի:
Սվետա Կարճիկյանը զայրույթը զսպել չկարողանալով ասում է՝ 9-ամյա եւ 7-ամյա տղաներն ամռան արեւին կարոտ են մնացել: Դուրս գալ, խաղալ չեն կարողանում, կատաղած շները անգամ տուն են մտնում: «Տեղ գնալու ենք լինում, զանգում տղամարդ ենք կանչում, որ շներից անցկացնեն, էլ ինչքա՞ն դիմանանանք: Թող բնապահպանները կամ կենդանիների իրավունքների մասին օրենք ընդունեղները գան, շներին իրենց տուն տանեն, կամ էլ իշխանությունն այս հարցին լուծում տա»:
Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այս տարվա ապրիլից մինչեւ հունիս ամիսները 147 շուն է ստերջացվել, ավելի կատաղածներին՝ քնեցրել են: Մեկ շուն վնասազերծելու համար համայնքը բյուջեից 30 հազար դրամ է վճարել կազմակերպությանը:
Հուլիսի 15-ից նոր մրցույթ են հայտարարել, պայմանագիր կնքել, որ եւս 850 շուն վնասազերծեն առաջիկա 540 օրվա ընթացքում: Ըստ նոր պայմանագրի 24 միլիոն 489 դրամ են վճարելու մրցույթը շահած նոր կազմակերպությանը:
Շների յուրաքանչյուր հարձակումից հետո հանրությունը սկսում է քննարկել ու ոչ լավ լույսի տակ հիշել օրենքի հեղինակին՝ Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս ասում է՝ խնդրի համար պետք է ոչ թե օրենքին մեղադրել, այլեւ օրենքը չկատարողներին: «Պետք է օրենքը չկատարելու պատճառները գտնել, օրինախախտներին ստիպել աշխատել կամ պատժել»: Բողոքողներին եւ օրենքին մեղադրողներին նախկին պատգամավորը հիշեցնում է, որ իր հեղինակած օրենքը չի ենթադրում, որ շներին պետք է բաց թողնել մարդկանց վրա: Օրենքն ընդամենն ասում է՝ պետք է բացառել կենդանիներին խեղելու, կախելու, հարվածելու, կենդանի այրելու դեպքերը, նման կերպ վարվողներին էլ՝ քրեական պատասխանատվության ենթարկել:
Գյումրու բժշկակական կենտրոնից տեղեկացնում են, որ այս տարի բուժօգնության են դիմել շների հարձակման ենթարկված 185 քաղաքացիներ: Բուժօգնությունը մայրաքաղաքում շարունակել է մեկը: Թե որքանն էլ հարձակման ենթարկվել, բայց հիվանդանոց չեն դիմել, հստակ տվյալներ չկան: Խոշոր հաշվով, Շիրակի մարզում շներն ամեն օր մեկ մարդու են կծում:
Որքան էլ խոսենք համայնքային բյուջեի սղությունից, կենդանասերների զգացմունքներից, օրենքի կատարյալ կամ անկատար լինելուց, դա չի մխիթարելու մանկահասակ երեխայի մորը, ում աչքի առջեւ շունը հոշոտել է զավակին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։