Պաղեստինյան խմբակցությունները, որոնք երկու օր շարունակ ընդլայնված նիստ են անցկացրել Չինաստանի մայրաքաղաքում, համաձայնության են ձեռք բերել ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտության շուրջ։ Այս մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանը։
«Պաղեստինյան խմբակցությունների միջեւ ձեռք բերված համաձայնության ամենակարեւոր կետը պաղեստինյան ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու անհրաժեշտությունն է, որը կկառավարի Արեւմտյան ափը եւ Գազայի հատվածը, կվերահսկի վերակառուցումը եւ պայմաններ նախապատրաստի ընտրությունների անցկացման համար»,- Բադրանը, ում ելույթը հրապարակվել է շարժման տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքերով այս որոշումը ՀԱՄԱՍ-ի տեսանկյունից ամենահարմարն է Պաղեստինի համար Գազայում ընթացող պատերազմի ավարտից հետո եւ խոչընդոտ է ստեղծում տարածաշրջանային եւ միջազգային միջամտության համար, որոնք կարող են այնպիսի սխեմաներ պարտադրել, որոնք հակասում են Պաղեստինի ժողովրդի շահերին։
Պաղեստինյան խմբակցությունները, Բադրանի խոսքերով, նաեւ հավանություն են տվել իսրայելական «ագրեսիայի դադարեցման վերաբերյալ պահանջներին», որոնք մասնավորապես վերաբերվում են Գազայից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերմանը, հումանիտար օգնության անխոչնդոտ մատակարարմանը եւ Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։
Պեկինի հռչակագիրը, որը ստորագրել են 14 խմբակցություններ, «լրացուցիչ դրական քայլ է պաղեստինյան շարժման միասնության հասնելու համար», — ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը: Նրա խոսքով, փաստաթղթի ստորագրման վայրը նույնպես կարեւոր է, քանի որ Չինաստանը «ունի հսկայական միջազգային հեղինակություն եւ ամուր դիրքորոշում ունի պաղեստինյան գործին աջակցելու համար»։
Իսրայելն արդեն արձագանքել է Պեկինի հռչակագրի ստորագրմանը։ Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական կողմը մերժում է պաղեստինյան խմբավորումների միջեւ ազգային միասնության կառավարություն ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը։
Նրա խոսքով՝ Իսրայելը մտադիր է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին եւ պատրաստ չէ թույլ տալ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին վերահսկել այդ հատվածը։ «ՀԱՄԱՍ-ը եւ ՖԱԹՀ-ը Չինաստանում համաձայնագիր են ստորագրել պատերազմից հետո Գազայի հատվածը համատեղ վերահսկելու մասին։ Ահաբեկչությունը մերժելու փոխարեն՝ Մահմուդ Աբասը աջակցում է ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին եւ բռնարարներին՝ բացահայտելով իր իրական կերպարները։ Իրականում դա տեղի չի ունենա, քանի որ ՀԱՄԱՍ-ի իշխանությունը կվերացվի, իսկ Աբասը հեռվից կնայի Գազային։ Իսրայելի անվտանգությունը կմնա բացառապես Իսրայելի ձեռքում»,-գրել է Կացը X-ի իր էջում։