Արեւմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) չճանաչվի միջազգային հանրության կողմից։ Այս պատճառով այն դիտարկում է մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Թուրքիայի հետ ինտեգրումը որպես ինքնավարություն։ Այս մասին ասել է Հյուսիսային Կիպրոսի տրանսպորտի նախարարության ղեկավար Էրհան Արըքլին։
«Ամեն ինչ անելու են, որ մեզ չճանաչեն, մենք ասում ենք, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը պետք է գոյություն ունենա, թեկուզ չճանաչվի։ Ո՞րն է այլընտրանքը: ՀԿԹՀ-ն, ինչպես եւ Նախիջեւանը [Ադրբեջանում], դիվանագիտության, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերում կախված կլինի հայրենիքից, իսկ ներքին գործերում կմնա լիովին անկախ։ ՀԿԹՀ-ին այլընտրանք հանդիսանում է Թուրքական Ինքնավար Հանրապետությունը։ Հուսով եմ՝ այս հարցը օրակարգ կդնենք»,-Արըքլիի խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։
Նրա խոսքով, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կիպրոսի չճանաչման պատճառների թվում են կղզու ածխաջրածինների հարուստ պաշարները։
«Եթե Հյուսիսային Կիպրոսի թուրք ազգը վերանա, եւ Թուրքիան դուրս գա այս տարածաշրջանից, նրա հարուստ հանքավայրերը կանցնեն Եվրամիության եւ Ամերիկայի վերահսկողության տակ։ Նրանք փորձում են շահագործել գազի հանքերը Հարավային Կիպրոսի ափերի մոտ, այնտեղ միլիարդավոր տոննա գազ ու նավթ կա, ուստի նրանք երբեք չեն ճանաչի ՀԿԹՀ-ն»,-ասել է չճանաչված հանրապետության տրանսպորտի նախարարը։
Նա նաեւ կողմ է արտահայտվել Հյուսիսային Կիպրոսի տարածքում Թուրքական ռազմածովային եւ ռազմաօդային բազաներ կառուցելուն։ «Մենք պետք է Թուրքիային հնարավորինս արագ տրամադրենք ե՛ւ ռազմածովային բազա, ե՛ւ ավիաբազա։ Եթե կիպրահույները բարեկամության եւ ռազմական համագործակցության համաձայնագրեր ստորագրեն Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված բոլոր երկրների հետ, ապա ժամանակն է, որ մենք էլ փոխադարձ քայլ անենք»,-ասել է Արըքլին։
Հյուսիսային Կիպրոսում ռազմածովային բազաներ ստեղծելու հնարավորության մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեջ Թայիփ Էրդողանը։
Կիպրոսը կղզու հիմնական էթնիկ խմբերի՝ թուրքական եւ հունական մասերի բաժանվել է 1974 թվականի Թուրքիայի ռազմական ներխուժումից հոտո, որի պատճառ հանդիսացել է Հունաստանի հետ կղզու միավորումը պահանջող քաղաքական ուժերի կատարած պետական հեղաշրջումը։ Ռազմական գործողությունների արդյունքում Թուրքիայի վերահսկողության տակ անցել էր Կիպրոսի տարածքի մոտավորապես 37%-ը, որտեղ էլ 1983 թվականին հռչակվեց ՀԿԹՀ-ի անկախությունը։ ՄԱԿ անդամ երկներից այն ճանաչող միակ երկիրը դարձավ Թուրքիան։
Կղզու հարավային մասը մնում է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության ներքո, որը բնակեցված է հիմնականում կիպրացի հույներով։