Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներն անմիջապես երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել են ներգաղթյալների համար արտաքսման նոր հատուկ ռեժիմ սահմանող օրինագծի փաթեթը։ Այս մասին հայտնում է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը։
Փոփոխություններ են կատարվում «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։ Դրանցում նշվում է, որ արտաքսման ռեժիմը սահմանվում է Ռուսաստանի տարածքից ներգաղթյալների մեկնումն ապահովելու եւ երկրում մնալու օրինական հիմքեր ստանալու համար։ Արտաքսման ռեժիմը նախատեսում է ներգաղթյալների որոշակի իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ դաշնային կառավարության վերահսկողության միջոցների կիրառում։
«Միգրացիայի ոլորտում խիստ վերահսկողության կարիք կա. նրանք, ովքեր չեն հետեւում ռուսական օրենքներին, ովքեր կորցրել են Ռուսաստանում օրինական մնալու իրավունքը, չպետք է լինեն մեր երկրում։ Արտաքսման նոր ռեժիմը կտարածվի այն ներգաղթյալների վրա, որոնց փաստաթղթերի ժամկետը լրացել կամ չեղարկվել է, կամ ովքեր իրավախախտում են կատարել»,-«Коммерсантъ»-ի փոխանցմամբ ասել է Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով՝ անօրինական ներգաղթյալները կամ իրավախախտում կատարած օտարերկրացիները կներառվեն հատուկ գրանցամատյանում, եւ իրենք պետք է իրենց գտնվելու վայրի մասին հայտնեն ոստիկանությանը։
Արտաքսման ռեժիմում գտնվող օտարեկրյա քաղաքացիներին, ովքեր կհայտնվեն հատուկ գրանցամատյանում, կարգելվի փոխել բնակության վայրը կամ մնալ Ռուսաստանում առանց ներքին գործերի նախարարության թույլտվության, ուղեւորվել բնակության վայրից դուրս, վարել տրանսպորտային միջոցներ, ստանալ վարորդական իրավունք, ձեռք բերել կամ օտարել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ եւ ինքնագնաց մեքենաներ, գրանցել այդ գույքը պետական մարմիններում, ամուսնանալ։
Նման ռեժիմը կարող է դադարեցվել, երբ օտարերկրացին մի շարք պատճառներով հանվի հատուկ գրանցամատյանից։ Արտաքսման ռեժիմում վերահսկողության պահանջների կրկնակի խախտման դեպքում կարող է որոշում կայացվել օտարերկրացուն արտաքսելու մասին։
Օրենքում կատարված փոփոխությունները նախատեսում են նաեւ այնպիսի պարտավորություններ, որոնց օտարերկրյա քաղաքացին պետք է հետեւի Ռուսաստանում գտնվելու ժամանակ։ Ի թիվս այլ բաների, ընդունված օրենքներից մեկը ներգաղթյալներին պարտավորեցնում է հոգ տանել շրջակա միջավայրի մասին, չմիջամտել Ռուսաստանի Դաշնության արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ինչպես նաեւ «հարգել ավանդական ռուսական հոգեւոր եւ բարոյական արժեքները, ներառյալ ամուսնության գաղափարը որպես տղամարդու եւ կնոջ միություն»:
Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը կկրճատվի եւ տարվա ընթացքում կսահմանվի մինչեւ 90 օր։