ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն իր նախընտրական քարոզարշավի առաջին հանրահավաքում, որը տեղի է ունեցել Վիսկոնսին նահանգի Միլուոքիում, խոստացել է վերականգնել Դեմոկրատական կուսակցական միասնությունը եւ քննադատել է իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին։
Հանրապետականների ու դեմոկրատների միջեւ առավել չեզոք տրմադրված Վիսկոնսին նահանգի քվեարկությունը վճռորոշ է լինելու նախագահական ընտրություններում պայքարող թեկնածուների համար։ Նախորդ շաբաթ էլ նույն նահանգի կենտրոն Միլուոքիում գումարվեց Հանրապետական կուսակցության ազգային համագումարը, որտեղ որոշվեց որպես նախագահի թեկնածու պաշտոնապես առաջադրել Դոնալդ Թրամփին։
Դեմոկրատական կուսակցությունից Հարրիսը դեռ պաշտոնապես չի առաջադրվել որպես նախագահի թեկնածու, բայց նախօրեին նա արդեն կարողացել էր ապահովել բավականաչափ թվով կուսակիցների աջակցությունը առաջադրման համար, իսկ նախագահ Ջո Բայդենի նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարության առաջին օրը կուսակցության համար կատարված նվիրատվությունները հասել էին ռեկորդային թվերի։
«Դոնալդ Թրամփը ցանկանում է հետ մղել մեր երկիրը։ Մենք ուզում ենք ապրել ազատության, կարեկցանքի եւ օրենքի գերակայության երկրում, թե՞ քաոսի, վախի եւ ատելության երկրում»,-ասել է Հարիսը հանրահավաքի ժամանակ:
AFP գործակալությունը նշում է, որ թեեւ Ջո Բայդենը քարոզարշավի ընթացքում հաճախ էր Թրամփին ներկայացնում էր որպես ժողովրդավարության համար ավելի լայն սպառնալիք, Հարրիսն ավելի անձնական մոտեցում է ցուցաբերել, եւ վկայակոչելով իր նախկին՝ Կալիֆորնիայի դատախազի պաշտոնում ունեցած փորձը հայտարարել, որ աշխատել է Թրամփի նման «գիշատիչների» եւ «խաբեբաների» հետ։
«Ես գործ եմ ունեցել բոլոր խավերի հանցագործների հետ: Գիշատիչների, ովքեր բռնության են ենթարկել կանանց։ Խարդախների, ովքեր խաբել են սպառողներին։ Սեփական շահերի համար կանոնները խախտած խարդախների»,-նշել է Հարիսը։
Թրամփն ի պատասխան դատապարտել է նրան սահմանին ներգաղթյալների ճգնաժամի հետ կապված հարցերում ձախողման համար եւ հայտարարել, որ պատրաստ է նրա հետ բանավիճել սեպտեմբերին ABC News-ի եթերում, երբ պետք է հանդիպեր Բայդենի հետ:
Reuters գործակալության եւ Ipsos հետազոտական ընկերության երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Քամալա Հարիսը 2%-ով առաջ է անցել Դոնալդ Թրամփին, երբ Ջո Բայդենն հայտարարեց իր նախընտրական արշավի ավարտի մասին։
Հարիսի օգտին պատրաստ է այժմ քվեարկել 44%-ը, Թրամփի օգտին՝ 42%-ը։