Ամռանն արտասահմանյան երկրներ հանգստի մեկնող քաղաքացիների թիվը նկատելիորեն ավելանում է։ Հայաստանցիները հիմնականում մեկնում են Վրաստան, Եգիպտոս, Արաբական Միացյալ էմիրություններ։ Վերջին տարիներին ավելացել է նաեւ Իտալիա, Հունաստան եւ Կիպրոս մեկնողների թիվը։
Գյումրիի «Սանի տուրս» տուրիստական ընկերությունն արտագնա տուրեր է կազմակերպում միայն դեպի Վրաստան, քանի որ գյումրեցիները հիմնականում այս երկրում են հանգստանում (հատկապես Քոբուլեթիում եւ Բաթումիում)։
Ընկերության տնօրեն Աղավարդ Համբարյանը պատմում է՝ Վրաստանի 7-օրյա հանգիստի զբոսաշրջային փաթեթներն արժեն 80-120 հազար դրամ։ Արժեքի մեջ ներառված է ուղեւորափոխադրումը, կեցությունը չորսաստղանի հյուրանոցում (սնունդը՝ միայն նախաճաշ)։
Վանաձորի «Սթար տուր» տուրիստական ընկերության տնօրեն Վահե Քալաշյանն ասում է՝ ամենապահանջված փաթեթները դեպի Եգիպտոս ուղեւորություններն են, այնուհետեւ՝ Վրաստանը, ապա՝ Դուբայը։
«Դուբայում սպասարկման որակը բարձր է։ Երեք կամ չորսաստղանի հյուրանոցների սպասարկումը գոհացնող է, հետեւաբար շատերը հինգաստղանի հյուրանոց չեն ընտրում»,- բացատրում է Վահե Քալաշյանը։
Եգիպտոսում հանգստացողներին առաջարկվում է «օլինքլյուզիվ կամ ուլտրա-օլինքլյուզիվ», այսինքն՝ ամբողջական փաթեթ, որը ներառում է ավիատոմսեր, հյուրանոց, երեքանգամյա սնունդ։ Դա հնարավորություն է տալիս առանց հավելյալ վճարի հաճախել որոշ բարեր, սրճարաններ, ռեստորաններ, որտեղ հյուրասիրում են աշխարհի տարբեր երկրների խոհանոցների ուտեստներ։
Երեւանյան «Սառա Վոյաժ» տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասում է՝ իրենց հաճախորդները հիմնականում դիմում են Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, եվրոպական երկրներ՝ Կիպրոս, Իտալիա, Հունաստան մեկնելու համար։ Իտալիայի երեքաստղանի հյուրանոցներում յոթօրյա կամ տասնօրյա հանգստի զբոսաշրջային փաթեթներն արժեն հազար եվրոյին համարժեք դրամ։ Այս փաթեթներով հյուրանոցները զբոսաշրջիկներին առաջարկում են միայն նախաճաշ։ Հունաստանում եւ Կիպրոսում նույն գումարով մեկշաբաթյա հանգիստ ընտրողներին երեքաստղանի հյուրանոցները երկանգամյա սնունդ են առաջարկում։
«Եվրոպական երկրներում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում սպասարկումը սովորաբար բարձրորակ է, ուստի նույնիսկ երեք կամ չորսաստղանի հյուրանոցներից գոհ են մեր քաղաքացիները։ Իսկ ահա Եգիպտոսի պարագայում լավ սպասարկում ակնկալողները պետք է ընտրեն հինգաստղանի հյուրանոց, քանի որ երեք կամ չորս աստղանիի դեպքում համարները կարող են կոկիկ չլինել, սնունդն էլ գուցե չգոհացնի»,- բացատրում է Սոնա Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ 2024 թվականին նախորդ տարիների համեմատ՝ քաղաքացիներն ավելի ակտիվորեն են զբոսաշրջային փաթեթներ գնում։
«Ռիմա թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը եւս նշում է՝ ամենաշատը վաճառվում են դեպի Եգիպտոս, Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ զբոսաշրջային փաթեթները։
Այս տարի Եգիպտոս մեկնողների թիվը գերազանցում է Վրաստան մեկնողներին։ Քանի որ փաթեթների գնային տարբերությունը փոքր է, մարդիկ նախընտրում են 8-10 ժամ ավտոմեքենայով հարեւան երկիր մեկնելու փոխարեն օդանավով Եգիպտոս ուղեւորվել, որտեղ օլինքլյուզիվ սպասարկում են կա։
«Տարիներ առաջ Թունիսի կամ Կատարի տուրիստական փաթեթներ չէին վաճառվում։ Իսկ այժմ արդեն այս երկրներ մեկնողները շատ են։ Կատարում կարելի է հաճելի ծովափնյա հանգիստ վայելել, բացի այդ՝ այս երկիրը, հատկապես մայրաքաղաք Դոհան, գրավում է գնումների սիրահարերին։ Դոհայում 25 խոշոր առեւտրի կենտրոն կա, որտեղ բրենդային ապրանքները մեր երկրի համեմատ բավական էժան են»,- պատմում է Ռիմա Խաչատրյանը։
600-650 եվրոյին համարժեք դրամով կարելի է Դուբայում հինգաստղանի հյուրանոցում յոթօրյա ամառային հանգիստ վայելել: Այս գնով հյուրանոցները միայն նախաճաշ են առաջարկում զբոսաշրջիկներին, իսկ 850-900 եվրոյին համարժեք դրամով՝ երեքանգամյա։ Հյուրանոցում սնվելը թանկ է շատերի համար, շատերը նախընտրում են ճաշել եւ ընթրել այլ ռեստորաններում, որտեղ գներն անհամեմատ մատչելի են։ Հայաստանցիները հիմնականում ընտրում են միայն նախաճաշ ներառող փաթեթները։
Ռիմա Խաչատրյանը պատմում է՝ Եգիպտոսի մեկշաբաթյա հանգստի զբոսաշրջային փաթեթներն արժեն նվազագույնը 500 դոլարին համարժեք դրամ։ Այս արժեքով հնարավոր է միայն երեքաստղանի հյուրանոցներ ընտրել։ Իհարկե, կան 600-800 դոլարին համարժեք դրամ կամ ավելի թանկ արժեք ունեցող փաթեթներ․ որքան փաթեթը թանկարժեք է, այնքան բարձրակարգ է հյուրանոցը։ Հինգաստղանի հյուրանոցներ ներառող փաթեթներն արժեն 850-900 դոլար։
«Հնգօրյա հանգիստ նախընտրողների համար եւս հարմար առաջարկներ կան։ Օրինակ՝ 450 դոլարին համարժեք դրամով կարելի է գնել փաթեթներ եւ հանգստանալ Աբու Դաբիի հինգաստղանի հյուրանոցներում (սնունդը՝ միայն նախաճաշ), որոնք հենց ծովափին են»,- ասում է Ռիմա Խաչատրյանը։
Ըստ նրա՝ եվրոպական երկրներ՝ հատկապես Իտալիս եւ Հունաստան մեկնել ցանկացողները շատ են, բայց երբեմն խնդիրներ են լինում դեսպանատներում․ վիզա ստանալը հեշտ չէ։
«850-900 եվրոյին համարժեք դրամով մեր քաղաքացիները կարող են յոթօրյա հանգիստ վայելել Իտալիայի երեքաստղանի հյուրանոցներում։ Հունաստան կամ Թունիս մեկնողները 1200-1400 եվրոյին համարժեք դրամով յոթօրյա փաթեթներ են ընտրում»,- պատմում է Ռիմա Խաչատրյանը։
Նատաշա Հարությունյանը վերջին տարիներին մեկնում է հանգստի։ Տարբեր երկրներում է եղել՝ Վրաստանում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում։
Հնդկաստանում չորս տարի առաջ է եղել ու հիացել այդ երկրի մշակույթով։ Բայց չորսաստղանի հյուրանոցը կամ ռեստորանները մաքուր ու կոկիկ չէին, մատուցվող ծառայությունների որակից դժգոհ է։
«Եգիպտոսում եղել եմ երկու տարի առաջ՝ ձմռանը։ Հինգաստղանի հյուրանոց էի ընտրել, սպասարկումը գոհացնող էր։ Դուբայում եղել եմ երկու անգամ։ Նախորդ տարի երեքաստղանի հյուրանոցում էի ապրում, բայց շատ գոհ էի սպասարկումից ու մատուցվող ծառայությունների որակից։ Այս տարի ընկերուհիներիս հետ էի մեկնել։ Միասին բնակարան էինք վարձել․ դա ավելի մատչելի տարբերակ էր»,- պատմում է Նատաշա Հարությունյանը։
Նա պլանավորում է առաջիկայում եվրոպական որեւէ երկիր մեկնել։ Վիզա ստանալը բարդ կլինի, բայց հուսով է՝ կստացվի։ Որոշել է ամեն տարի մի նոր երկիր տեսնել։
«Ուսումնասիրում եմ ավիատոմսերի ու զբոսաշրջային փաթեթների գները, որպեսզի որոշեմ՝ որ երկիր պետք է մեկնեմ։ Կարծում եմ՝ հատկապես 8-ժամյա գրաֆիկով աշխատող մարդկանց համար սա անհրաժեշտություն է։ Ամեն տարի արտասահմանյան որեւէ երկիր մեկնելով՝ նոր տպավորություններով ու լիցքերով եմ վերադառնում Հայաստան»,- եզրափակում է Նատաշա Հարությունյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։