Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ժամանել է Պեկին՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տնօրեն Վան Յիի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին Կուլեբան հայտարարել է սոցիալական ցանցերում։
«Առջեւում ընդարձակ, մանրամասն, բովանդակային բանակցություններ են իմ չինացի գործընկեր Վան Յիի հետ՝ արդար խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ: Մենք պետք է խուսափենք խաղաղության ծրագրերի միջեւ մրցակցությունից։ Շատ կարեւոր է, որ Կիեւը եւ Պեկինը զբաղվեն ուղիղ երկխոսությամբ եւ դիրքորոշումների փոխանակմամբ»,-ասել է Ուկրաինայի արտգործնախարարը՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսագրության մեջ։
Կուլեբան նշել է, որ սա Ուկրաինայի արտգործնախարարի առաջին այցն է Չինաստան ոչ միայն Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի սկսվելուց, այլ նույնիսկ 2012 թվականից հետո։
Կուլեբայի այցը Չինաստան կտեւի մինչեւ հուլիսի 25-ը։