Հուլիսի 21-ին Փարիզում Ֆրանսիայի ՆԳՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Ռուսաստանի 40-ամյա քաղաքացի, ով կասկածվում է Օլիմպիական խաղերի ժամանակ «ապակայունացնող» գործողություն նախապատրաստելու մեջ, հայտնում են AFP-ն եւ Le Parisien-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Le Parisien-ի տեղեկություններով ռուսաստանցուն մեղադրանք է առաջադրվել «այլ պետության շահերից բխող հետախուզական գործունեությություն ծավալելու համար՝ Ֆրանսիայում թշնամություն հրահրելու նպատակով»։ Ձերբակալվածը գտնվում է քննչական մեկուսարանում։
Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ կասկածյալի Փարիզի բնակարանում կատարած խուզարկության ժամանակ գործակալները հայտնաբերել են «ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ նա ռուսամետ գործողություններ էր նախապատրաստում Օլիմպիական խաղերի ժամանակ իրավիճակը ապակայունացնելու համար»: Մեկ այլ զրուցակից էլ նշել է «մասշտաբային նախագծի» մասին, որի հետեւանքները կարող են «լուրջ» լինել։
Եթե տղամարդուն մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում։
Ըստ AFP-ի՝ իշխանությունները ենթադրյալ դավադրության մասին այլ մանրամասներ չեն հայտնել, բացի այն, որ տվյալ գործունեությունը ահաբեկչական բնույթ չի կրում, եւ որ հակաահաբեկչական բյուրոյի փորձագետները չեն զբաղվում տվյալ գործով:
Paris Match-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերին նախօրդող ժամանակահտվածում անվտանգության ծառայությունները ստուգել են ավելի քան մեկ միլիոն մարդու գործ, այդ թվում՝ մարզիկներինը, մարզիչներինը, լրագրողներինը, կամավորներինը, անվտանգության աշխատակիցներինը եւ նույնիսկ տեղի բնակիչներինը, ովքեր ապրում են միջոցառումների վայրերին մոտ:
«Մենք այստեղ ենք, որպեսզի ապահովենք, որպեսզի սպորտը չօգտագործվի լրտեսության, կիբերհարձակումների կամ քննադատության համար, եւ երբեմն էլ Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների դեմ կեղծիքի», — ասել է Դարմանինը: