Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գուանչժոուում իր չինացի գործընկեր Վան Յինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների։ Այս մասին ասվում է Չինաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ուկրաինական կողմը պատրաստ է ռուսական կողմի հետ երկխոսության եւ բանակցությունների։ Իհարկե, բանակցությունները պետք է լինեն ողջամիտ եւ առարկայական՝ ուղղված արդար եւ կայուն խաղաղության հասնելուն»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Ուկրաինայի արտգործնախարարությունը հաստատել է չինական կողմի հայտարարությունը։
«Դմիտրի Կուլեբան փոխանցել է Ուկրաինայի հետևողական դիրքորոշումը, այն է՝ նրա պատրաստակամությունը համապատասխան փուլում բանակցություններ վարել ռուսական կողմի հետ, եթե Ռուսաստանը պատրաստ է բարեխղճ բանակցությունների»,-ասվում է Ուկրաինայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ Կուլեբան ասել է, որ ուկրաինական կողմը «ուշադիր ուսումնասիրել է» խաղաղության ծրագիրը, որը Չինաստանն ու Բրազիլիան ներկայացրել են 2024 թվականի մայիսին։
Reuters-ը գրում է, որ Կուլեբայի եւ Վան Ինի միջեւ բանակցությունները տեւել են ավելի քան երեք ժամ։ «Պլանավորվածից ավելի երկար էր։ Դա շատ խորը եւ կոնկրետ խոսակցություն էր»,- գործակալությանը ասել է ուկրաինական պատվիրակության աղբյուրը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան աշխատանքային այցով Չինաստան ժամանել է հուլիսի 23-ին։ Սա նրա առաջին այցն է Չինաստան Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր։
Հունիսի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը կարող է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միայն միջնորդների միջոցով։ Որպես օրինակ նա բերել էր այսպես կոչված հացահատիկի գործարքը, երբ Ուկրաինան արտահանման վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերել ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի եւ Թուրքիայի հետ, որնք էլ իրենց հերթին ստանձնել էին Կիեւի եւ Մոսկվայի հետ բանակցելու պատասխանատվությունը։
Վլադիմիր Պուտինը, հունիսի 14-ին ելույթ ունենալով ՌԴ ԱԳ նախարարությունում, հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, եթե մի քանի պայմաններ կատարվեն։ Դրանց թվում նա նշել էր․ Ուկրաինան պետք է սկսի զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններից, ինչպես նաեւ պաշտոնապես հայտարարի ՆԱՏՕ-ին միանալու իր ծրագրերից հրաժարվելու մասին։ Բացի այդ, Արեւմուտքը, Պուտինի պայմանների համաձայն, պետք է չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։