Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին պնդում է, որ ուկրաինական բանակը կաորղացել է ձախողել Խարկովի մարզում ռուսական բանակի հարձակումները, որոնք նպատակաուղղված էին Բելգորոդի մարզի սահմանային շրջանում այսպես կոչված «սանիտարական գոտի ստեղծելուն»։ Նա այս մասին ասել է բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ։
Սիրսկին նաեւ դրական է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է դադարեցնել ռուսական հարձակումը, եւ որպես օրինակ բերել է ընթացիկ Խարկովը եւ հարեւան Սումի շրջանը գրավելու ռուսական զորքերի փորձերը։
«Այն ձախողվել է»,- նշել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
Գեներալի խոսքերով՝ ռուսական բանակի կորուստները երեք անգամ ավելի շատ են, քան ուկրաինական կողմինը, իսկ որոշ շրջաններում՝ «նույնիսկ ավելին են»։
Միեւնույն ժամանակ, գլխավոր հրամանատարն ասել է, որ չի ծրագրում «նպատակներին հասնել ամեն գնով», «պաշտպանել ավերակները» կամ մարդկանց նետել «անօգուտ մսային գրոհների»։
Սիրսկին նաեւ «իրատեսական» է անվանել Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններին»,- ասել է Գլխավոր հրամանատարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական զորքերի կորուստները «չեն քչանում», սակայն, նրա գնահատմամբ, Ուկրաինայի Զինված ուժերը ռուսական բանակի նկատմամբ շատ մեծ տարբերություն ունեն սպանվածների եւ վիրավորների հարաբերակցության մեջ։
«Եթե յուրաքանչյուր 6-8 վիրավորի դիմաց ունենք մեկ սպանված, ապա նրանք ունեն յուրաքանչյուր երրորդը, յուրաքանչյուր երկրորդը», — ասել է Զելենսկին։
Փետրվարին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինան ունի 31 հազար զոհ, իսկ ռուսական բանակը՝ վեց անգամ ավելի։
2024 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական սահմանային բնակավայրերը գնդակոծությունից պաշտպանելու համար անհրաժեշտ է «սանիտարական գոտի» ստեղծել «ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող» տարածքներում։ Մայիսին ռուսական զորքերը նոր հարձակում սկսեցին Խարկովի մարզում։ Մեկ շաբաթ անց Պուտինը հայտարարեց, որ դա կապված է կոնկրետ «սանիտարական գոտու» ստեղծման հետ։