Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունը Ռուսաստանի հետ բանակցային գործընթացին պատրաստ լինելու մասին համահունչ է Կրեմլի դիրքորոշմանը, սակայն պետք է սպասել լրացուցիչ պարզաբանումների։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում Պեկինից ստացված հաղորդագրություններից գիտենք, որ նման հայտարարություն է արվել պարոն Վան Յիի հետ հանդիպման ժամանակ: Հաղորդագրությունն ինքնին, կարելի է ասել, համահունչ է մեր դիրքորոշմանը։ Գիտեք, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից, միշտ պահպանել է իր բաց լինելը բանակցային գործընթացի նկատմամբ, եւ այստեղ կարեւոր են մանրամասներ, որոնք մենք դեռ չգիտենք։ Ուստի կսպասենք որոշակի լրացուցիչ պարզաբանման»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Կուլեբան Գուանչժոուում Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տնօրեն Վան Յիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության եւ բանակցությունների։ Նա նաեւ նշել է, որ «բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ եւ բովանդակալից՝ ուղղված արդար եւ կայուն խաղաղության հասնելուն», չնայած որ Մոսկվայից դեռ նման ձգտում Կիեւը չի տեսնում։