Ըստ Կլիմայի փոփոխության եվրոպական ծառայության Copernicus-ի նախնական տվյալների հուլիսի 21-ը 1940 թվականից ի վեր ամենաշոգ օրն է եղել նորագույն պատմության մեջ:
Համաշխարհային միջին օրական ջերմաստիճանը 2024 թվականի հուլիսի 21-ին հասել է 17,090 C։ Սա գերազանցում է 2023 թվականի հուլիսի 6-ին 17,08 0 C ռեկորդը:
Սակայն Reuters-ը հայտնում է, որ հուլիսի 21-ի ռեկորդը, Եվրամիության մոնիտորինգային գործակալության նախնական տվյալների համաձայն, գերազանցվել է անմիջապես հաջորդ օրը՝ հուլիսի 22-ին։ Այդ օրը համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է 17,15 աստիճան Ցելսիուսի։ Copernicus ծառայությունը դեռ չի մեկնաբանել այս տվյալները։
Մինչեւ 2023 թվականը ջերմաստիճանի օրական ռեկորդ գրանցվել էր 2016 թվականի օգոստոսի 13-ին, որը կազմել էր 16,80 C: 2023 թվականի հուլիսի սկզբից այս ռեկորդն արդեն գերազանցվել է 57 անգամ։
2023 եւ 2024 թվականներիի տարեկան առավելագույն ջերմաստիճանները զգալիորեն ավելի բարձր են եղել, քան նախորդ տարիները, եւ ընդհանուր առմամբ, ամենաբարձր միջին օրական ջերմաստիճաններով տասը տարիները եղել են 2015-ից 2024 թվականները:
Copernicus-ի տնօրեն Կառլո Բուոնտեմպոն նշել է, որ վերջին 13 ամսվա ջերմաստիճանների եւ ջերմաստիճանի նախորդ ռեկորդների միջեւ եղած մեծ տարբերությունը «իրոք ապշեցուցիչ է»:
«Կլիման շարունակում է տաքանալ, մենք վստահ ենք, որ առաջիկա ամիսներին եւ տարիներին նոր ռեկորդներ կտեսնենք»,-ասել է Բուոնտեմպոն։
Կիրակի օրը ռեկորդային շոգ է զգացվել գրեթե բոլոր մայրցամաքներում, նշում է The Washington Post-ը։ Հունաստանում մեկ օրում 33 անտառային հրդեհ է տեղի ունեցել։ Հրդեհների վտանգ կա նաեւ Իսպանիայի հարավում, Ֆրանսիայի եւ Իտալիայի որոշ շրջաններում, գրում է Bloomberg-ը։ Պարբերականը նաեւ նշում է, որ այս տարի ծայրահեղ շոգը վնաս է հասցրել համաշխարհային տնտեսության բազմաթիվ ճյուղերի՝ խաթարելով օդային հաղորդակցությունը եւ էներգետիկ համակարգերի աշխատանքը։