Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 24-ին ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում։ Այն նա գլխավորապես նվիրել է Իրանին եւ այն անվանել Մերձավոր Արեւելքի եւ ամբողջ աշխարհում անվտանգության գլխավոր սպառնալիքը
Նեթանյահուն Իրանին անվանել է արմատական իսլամի հիմնական շարժիչ ուժը, որը նրա կարծիքով, կանգնած է ինչպես ՀԱՄԱՍ-ի, այնպես էլ Լիբանանի «Հեզբոլլահ» եւ Եմենում «Անսար Ալլահ» շարժումների թիկունքում։ Նա որպես Իրանի գլխավոր թիրախ անվանել ոչ միայն Իսրայելը, այլ նաեւ ԱՄՆ-ն եւ ընդգծել, որ Իսրայելն իր ռազմական գործողություններով պաշտպանում է ոչ միայն իրեն, այլ նաեւ ԱՄՆ-ին։
«Երբ մենք պայքարում ենք Իրանի դեմ, մենք պայքարում ենք Միացյալ Նահանգների ամենաարմատական եւ արյունարբու թշնամու դեմ: Մեր պայքարը ձեր պայքարն է, եւ մեր հաղթանակը կլինի ձեր հաղթանակը։ Բոլոր այն երկրները, որոնք խաղաղության մեջ են Իսրայելի հետ եւ բոլոր այն երկրները, որոնք խաղաղություն կկնքեն Իսրայելի հետ, պետք է հրավիրվեն միանալու այս դաշինքին»,-ասել է Նեթանյահուն։ Այս կապակցությամբ նա հիշատակեց ԱՄՆ-ի հովանու ներքո կնքված Աբրահամյան համաձայնագրերը, որոնք 2020 թվականին Իսրայելի հարաբերությունները կարգավորեցին Արաբական Միացյալ Էմիրությունների, Սուդանի, Բահրեյնի եւ Մարոկկոյի հետ, եւ առաջարկեց Իրանի դեմ նոր դաշինքն անվանել «Աբրահամական դաշինք»:
Իսրայելի վարչապետը իր ելույթը սկսել էր հակիրճ նկարագրելով նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Նրա նշել է, որ Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ դա հակամարտություն չէ երկու քաղաքակրթությունների միջեւ, այլ բախում քաղաքակրթության եւ բարբարոսության միջեւ՝ «նրանց, ում համար կյանքը սուրբ է եւ նրանց, ովքեր փառաբանում են մահը»: Ըստ Նեթնայհուի Իսրայելը այժմ պատերազմ է մղում ահաբեկչության դեմ, որը սպառնում է ոչ միայն իրեն, այլեւ ԱՄՆ-ին ու արաբական աշխարհին։
Նեթանյահուն նաեւ ներկայացրել է Գազայի հատվածի ապագայի իր տեսլականը այնտեղ ռազմական գործողության ավարտից հետո։ Նրա խոսքով՝ Իսրայելի համար կարեւոր է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնվի, վայր դնի զենքերը եւ վերադարձնի բոլոր իսրայելցի պատանդներին։
Խոսելով Գազայի կառավարման մասին Նեթանյահուն նշել է․ «Գազայի հատվածը պետք է ունենա քաղաքացիական վարչակազմ, որը ղեկավարվելու է այն պաղեստինցիների կողմից, ովքեր չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը: Սա այնքան էլ մեծ խնդրանք չէ»։
Նշենք նաեւ, որ Նեթանյահուի այցը Վաշինգտոն ուղեկցվել է բազմաթիվ ցույցերով։ Մի քանի հազար մարդ հավաքվել էր Կապիտոլիումի շենքի շուրջ՝ հանդես գալով ի պաշտպանություն Պաղեստինի եւ Իսրայելին մեղադրելով Գազայի հատվածի խաղաղ բնակչության ցեղասպանության մեջ։ Կոնգրեսի տասնյակ անդամներ հրաժարվել են ներկա գտնվել Նեթանյահուի ելույթին՝ ի նշան նրա քաղաքականության դեմ բողոքի։