ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ժողովրդին խոստացված ուղերձում բացատրել է, թե ինչու է որոշել դուրս գալ նախագահական մրցապայքարից։
«Ես կարծում էի, որ իմ ձեռքբերումները որպես նախագահ, իմ առաջնորդությունն աշխարհում, իմ տեսլականը Ամերիկայի ապագայի վերաբերյալ, այս բոլորն արժանի են երկրորդ ժամկետին: Բայց մեր ժողովրդավարությունը փրկելու ճանապարհին ոչինչ չի կարող կանգնել։ Սա վերաբերում է նաեւ անձնական հավակնություններին»,-ասել է Բայդենը։
ԱՄՆ գործող նախագահը նշել է, որ վերջին շաբաթներին հասկացել է երկրի ու Դեմոկրատական կուսակցության միավորման անհրաժեշտությունը, եւ այս դեպքում առաջ շարժվելու լավագույն միջոցը «ջահը նոր սերնդին փոխանցելն է»:
«Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Հասարակության մեջ կա ժամանակ եւ տեղ երկար տարիների փորձ ունեցող մարդկանց համար: Կա նաեւ ժամանակ եւ տեղ նոր ձայների, թարմ ձայների համար, եւ այո, երիտասարդ ձայների համար»,-ասել է Բայդենը իր ելույթում եւ ավելացրել․ «Ես կարեւորում եմ այս պաշտոնը, սակայն առավել շատ սիրում եմ իմ երկիրը։ Այս երկրին որպես նախագահ ծառայելը իմ կյանքի ամենամեծ պատիվն էր»։
Բայդենը նաեւ կոչ է արել ամերիկացիներին աջակցել փոխնախագահ Քամալա Հարիսին, ով մոտ ապագայում պետք է դառնա Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու։
«Ես կատարել եմ իմ ընտրությունը, հիմա ընտրությունը ձերն է», — ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը ամերիկացիներին հիշեցրեց իր նախագահության վերջին երեք եւ ավելի տարիների ձեռքբերումները։ Նրա խոսքով, XXI դարում ԱՄՆ առաջին անգամ չի պատերազմել, սակայն աջակցել է Ուկրաինայի պաշտպանության ամրապնդմանը, որը ենթարկվել է ռուսական ագրեսիային։ Բայդենը նաեւ հիշեցրել է, որ հաղթահարել է 2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների գործողությունների պատճառով ժողովրդավարական գործընթացի խաթարման փորձի հետեւանքները։
Նա նաեւ մատնանշել է տնտեսական եւ սոցիալական ոլորտների մի շարք ձեռքբերումներ, որոնք նկատվել են վերջին տարիներին, որոնց շարքում են նաեւ առողջապահության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում գրանցած հաջողությունները։
«Ես ձգտել եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը»,- ընդգծել է Բայդենը։