ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է խստացնել իր հռետորաբանությունը եւ մեծացնել ճնշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա հրեական պետության եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ առաջիկա բանակցություններում զինադադարի հասնելու համար։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի երեք անանուն աղբյուրներից ստացված տեղեկություններին։
Ըստ նրանց՝ վերջերս նախընտրական պայքարից հրաժարվելուց հետո Բայդենը մտադիր է կենտրոնանալ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ համաձայանգիր կնքելու վրա, որով կնախատեսվի իսրայելցի պատանդների ազատ արձակում եւ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտ։ Այդ նպատակով ամերիկացի առաջնորդը նախատեսում է Նեթանյահուի հետ առաջիկա բանակցություններում ճնշում գործադրել Իսրայելի վարչապետի վրա եւ համապատասխան երաշխիքներ ստանալ նրանից։ Պարբերականի փոխանցմամբ՝ հուլիսի 22-ին իր վարչակազմի ներկայացուցիչներից մեկի հետ զրույցում Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն Գազայի հակամարտության կարգավորման «հասնելու շեմին է»։
Politico-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Նեթանյահուն ծրագրում է հանդիպել ոչ միայն Բայդենի ու փոխնախագահ Քամալա Հարիսի, այլեւ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ նախկին նախագահի հետ հանդիպման մասին հայտարարությունը Իսրայելի վարչապետի նկատմամբ դժգոհություն է առաջացրել նախագահ Բայդենի մոտ։
Նեթանյահուն Վաշինգտոն ժամանել է հուլիսի 22-ին։ Հուլիսի 24-ին նա ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում, որտեղ հայտարարել, որ Իսրայելի գործողությունը Գազայում կարող է արագ ավարտվել, եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքերը եւ ազատ արձակի պատանդներին։ Բացի այս նա նաեւ ԱՄՆ-ին կոչ է արել նոր դաշինք կազմավորել Իրանի դեմ, որը իր պնդմամբ հովանավորում հենց ՀԱՄԱՍ-ին։