Թոմաս Մեթյու Քրուքսը, ով հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ մահափորձ էր կատարել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ, համացանցում տեղեկություններ էր փնտրել այն մասին, թե ինչ հեռավորության վրա է եղել Լի Հարվի Օսվալդը, երբ կրակել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու վրա 1963 թվականին: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Հետախուզության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Քրիստոֆեր Ռեյը։
Ռեյի խոսքով, մահափորձից ընդամենը մեկ շաբաթ առաջ Քրուքսը Google-ում որոնել է «Որքա՞ն հեռու է եղել Օսվալդը Քենեդիից»: Նույն օրը՝ հուլիսի 6-ին, հրաձիգը, մեծ հավանականությամբ, գրանցվել է Բաթլերում Թրամփի նախընտրական հանրահավաքին մասնակցելու համար:
ՀԴԲ ղեկավարը նաեւ հայտնել է, որ սպանության օրը՝ հանրահավաքի մեկնարկից մոտ երկու ժամ առաջ, Քրուքսը անօդաչու թռչող սարք է օգտագործել եւ շուրջ 11 րոպե դիտարկել հանրահավաքի վայրը։ Քննիչները նաեւ կարծում են, որ Քրուքսը անօդաչու թռչող սարքը օգտագործել է իր թիկունքում կատարվողը տեսնելու համար։
Ռեյը նաեւ պատմել է, որ հրաձիգը շենքի տանիք է բարձրացել խողովակով, այլ ոչ թե սանդուղքով, ինչպես նախկինում ենթադրվում էր։ Նա մոտ երեք րոպե գտնվել է տանիքում, մինչ նրա վրա կրակել է Գաղտնի ծառայության անդամը, որը պատասխանատու է պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար։ Քննիչները տանիքում հայտնաբերել են ութ պարկուճ:
ՀԴԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Քրուքսը, հավանաբար, միայնակ է գործել: Նրա արարքի դրդապատճառները դեռ պարզված չեն։