Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, բայց մենք պետք է հասկանանք, թե որքանով է պատրաստ Ուկրաինան դրանց, արդյոք դրա համար թույլտվություն ունի իր «հրահանգիչներից»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանն ամբողջությամբ բաց է բանակցային գործընթացի համար, բայց նախ պետք է հասկանալ, թե որքանով է պատրաստ ուկրաինական կողմը դրան, եւ որքանով ունի թույլտվությունը իր հրահանգիչներից։ Առայժմ, տեսեք, շատ տարբեր հայտարարություններ են արվում, դա դեռ ամբողջությամբ պարզ չէ»,-ասել է Պեսկովը։
Նախօրեին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Գուանչժոուում Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վան Յիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի հետ երկխոսության եւ բանակցությունների Ուկրաինայի պատրաստության մասին։
Պեսկովի խոսքերով Ռուսաստանը գործնականում հնարավոր է համարում Ուկրաինայի հարցով բանակցությունների տարբեր տարբերակներ՝ չնայած, որ Մոսկվան Վլադիմիր Զելենսկու չի համարում այդ երկրի լեգիտիմ նախագահ։
«Հարցը հեշտ չէ։ Իրավական տեսանկյունից այս հարցը օրակարգային է, սակայն գործնական տեսանկյունից մենք բաց ենք մեր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար։ Հետեւաբար, այստեղ կան տարբեր տարբերակներ»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել, որ Զելենսկու լեգիտիմության բացակայությունը որպես Ուկրաինայի նախագահ եւ Կիեւի բանակցությունների արգելքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մնում են խաղաղ կարգավորման խնդիր։
Մայիսին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ մայիսի 20-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետի ավարտը եւ նոր նախագահական ընտրություններ չնշանակելը ոչ լեգիտիմ են դարձնում նրա պաշտոնավարումը։ Նա որպես Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանություն անվանել էր երկրի խորհրդարանը՝ Ռադան եւ դրա նախագահին։