«Եղբայր ուկրաինացի ժողովրդին» իր վերահսկողության տակ պահելու Ռուսաստանի ագրեսիվ փորձերը հանգեցրել են նրան, որ այժմ օկուպացիայից զերծ Ուկրաինայի տարածքների բնակիչների ճնշող մեծամասնությունը առօրյա կյանքում խոսում է ուկրաիներեն եւ ռուսներին այլեւս եղբայրական ժողովուրդ չի համարում։ Այս մասին հայտնում է «Ռազումկով» սոցիոլոգիական կենտրոնը, որի վերջին հարցման տվյալները ներկայացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հուլիսի 24-ին հրապարակված հարցման արդյունքների համաձայն հարցվածների 78%-ն իր մայրենի լեզուն համարում է ուկրաիներենը։ Նրանց 70%-ից ավելին ասել է, որ տանը եւ տնից դուրս շփվում են բացառապես կամ հիմնականում ուկրաիներենով:
18-20%-ն էլ նշել է, որ հավասարապես օգտագործում է ե՛ւ ուկրաիներենը, ե՛ւ ռուսերենը։ Նրանք, ովքեր խոսում են միայն ռուսերեն կամ հիմնականում ռուսերեն՝ կազմել են հարցվածների 8-11%-ը:
2015 թվականին՝ Ղրիմի բռնակցումից եւ Դոնբասում պատերազմի սկսվելուց հետո, ինչպես նշում է «Ռազումկով» կենտրոնը, հարցվածների միայն 60%-ն էր ուկրաիներենն անվանել է իր մայրենի լեզուն, որոնցից միայն կեսն էր նշել, որ այն կիրառում է տանը։
Հարցումներում ուկրաիներենով խոսողների մասնաբաժնի աճի որոշ չափով կապված է Ուկրաինայի ռուսալեզու տարածքների մեծ մասի կորստով։ 2014–2024 թվականներին տեղի ունեցած մարտերի արդյունքում, կոպիտ հաշվարկներով, երկրի ընդհանուր բնակչության մոտ 10%-ը հայտնվել է ռուսական օկուպացիայի տակ, ընդ որում դրանք այն տարածքներն էին որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը համարվում էր ռուսամետ եւ ռուսախոս։
Մյուս կողմից, հարցվածների կազմի վրա ազդել է նաեւ միլիոնավոր ուկրաինացիների արտագաղթը, որոնք ստիպված են եղել փախչել պատերազմից եւ մեծ մասամբ շատ քիչ հավանական է, որ համակրեն Ռուսաստանին։
Հարցման ընթացքում սոցիոլոգները պարզել են նաեւ, թե ինչպես է փոխվում վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Հարցվածների 78%-ը Ռուսաստանը կապում է հետամնացության եւ հետընթացի հետ։
Ռազումկովի կենտրոնը հարցերից մեկի համար էլ հիմք է ընդունել ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների եղբայրության մասին խորհրդային-կայսերական քարոզչական առասպելը եւ հարցվողներին առաջարկել է ընտրել հետեւյալ երեք տարբերակից մեկը. «նրանք միշտ եղել եւ մնում են եղբայրական ժողովուրդներ», «նրանք նախկինում եղել են, բայց նրանք այլեւս չեն» եւ «նրանք երբեք եղբայրական ժողովուրդներ չեն եղել»։
Արդյունքում պարզվել է, որ ուկրաինացիների 44%-ն այժմ նախընտրում է հավատալ, որ ուկրաինացիներն ու ռուսները ընդհանրապես եղբայրական ժողովուրդներ չեն եղել։ Սակայն շատերը կարծել են, որ նախկինում ուկրաինացիներն ու ռուները եղել են եղբայրական ժողովուրդներ, բայց այժմ այդպիսին չեն համարվում։
Այսինքն՝ «եղբայրության» մասին թեզն այժմ մերժվում է ուկրաինացիների 90%-ի կողմից։