Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության քիչ առաջ տարածած այն հայտարարությանը, թե Հայաստանը ԱՄՆ-ի հետ զորավարժություններից, Ֆրանսիայից սպառազինություններ ձեռք բերելուց եւ Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 10 մլն եվրո ստանալուց հետո սահմանագոտում սկսել է դիմել սադրանքների, ինչն էլ վկայում է Երեւանի կողմից հերթական պատերազմին նախապատրասվելու մասին։
Հայկական կողմի պատասխան հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով եւ հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի եւ/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ եւ կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին եւ չի շեղվելու այս ռազմավարությունից:
Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, եւ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որեւէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:
Նաեւ հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով եւ հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել եւ համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաեւ այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ: