ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 25-ին Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Հանդիպման հիմնական թեման, ըստ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների, եղել է ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի մասին համաձայնագրի կնքման եւ պատանդների ազատ արձակման հնարավորությունը։
Հանդիպումից առաջ առաջնորդները չպատասխանեցին լրագրողների հարցերին եւ սահմանափակվեցին կարճ հայտարարություններով։ Մասնավորապես, Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բայդենին, ով հայտարարել է նախագահական երկրորդ ժամկետի համար առաջադրվելուց հրաժարվելու մասին, «Իսրայել պետությանը ցուցաբերած 50 տարվա աջակցության համար»։
Բայդենը քաղաքականության մեջ է ավելի քան 50 տարի՝ նա առաջին անգամ Սենատի անդամ է ընտրվել 1972 թվականին։
Դիմելով Նեթանյահուին՝ ԱՄՆ նախագահն էլ նշել է, որ իրենք բավականին շատ հարցերի շուրջ քննարկումների կարիք ունեն։ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ավելի ուշ լրագրողներին ասել է, որ հանդիպման ընթացքում նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է Գազայի հատվածում առնվազն վեց շաբաթով հրադադարի շուրջ արագ համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին։
Բայդենն ու Նեթանյահուն հանդիպել են նաեւ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված ԱՄՆ եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող անձանց ընտանիքների հետ։
Հուլիսի 24-ին Իսրայելի վարչապետը ելույթ էր ունեցել նաեւ ԱՄՆ Կոնգրեսում։ Իր ելույթում նա Իրանն անվանել էր Մերձավոր Արեւելքի եւ ողջ աշխարհի անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական դաշինք ստեղծել Իսրայելի հետ՝ իրանական սպառնալիքին դիմակայելու համար։ Նա նաեւ խնդրել է ԱՄՆ-ին արագացնել ռազմական օգնության մատակարարումը Իսրայելին՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորմանն արագ ոչնչացնելու համար։