Երեւանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին կտրականապես հերքել է Իրանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ռազմական գործարքի վերաբերյալ վերջերս լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները։
Իրանական Mehr լրատվականի փոխանցմամբ դեսպանը նման լուրերի հրապարակման նպատակը համարել է «Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելը»։ Նա նաեւ ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ տնտեսական զարգացման հաստատմանը։
Նշենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ շուրջ 500 միլիոն դոլարի ռազմատեխնիկական գործարք կնքելու մասին տեղեկությունները՝ իրանական անանուն ռազմական աղբյուրներին հղումով, տարածել էր Iran International կայքը։ Լրատվականը հրապարակման մեջ նշել էր, որ գործարքի շրջանակներում Հայաստանը իրանական կողմից ձեռք է բերելու Շահեդ 136, Շահեդ 129, Շահեդ 197 անօդաչու թռչող սարքեր, օդային պաշտպանության հրթիռային համակարգեր եւ այլն:
Այս տեղեկությունները նախօրեին հերքել էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ այն որակելով «մտացածին եւ հորինված»։