Արցախ հայ բնակչության վերադարձի գլխավոր երաշխիքը նրա քաղաքակրթական եւ հոգեւոր ինքնության պահպանումն է:
Բաքվի մամուլը փոխանցում է Վատիկանի L’Osservatore թերթի հրապարակումը, որ նվիրված է այսպես կոչված Կովկասյան Աղվանքին եւ Աղվանական եկեղեցուն ու նրա պատմական ժառանգությանը: Կասկած չպետք է ունենալ՝ այդ հոդվածը գրվել է Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: Հակառակ դեպքում հեղինակը մուտք չէր ունենա օկուպացված տարածքներ, նրան հնարավորություն չէր տրվի տեսագրություններ եւ լուսանկարներ անելու:
Խնդիրը բացառապես քաղաքական է: Դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին Ադրբեջանում պետական հովանավորությամբ ձեւավորվել է «պատմագիտական» տեսություն, որ Ադրբեջանի տարածքում քրիստոնեական մշակույթի բոլոր հուշարձաններն «աղվանական են» եւ ոչ մի կապ չունեն Հայաստանի, հայ ժողովրդի հետ:
Վատիկանի թերթի հեղինակն արդեն կրոնա-դավաբանական նոր նարատիվ է շրջանառում: Նա պնդում է, որ մեր տարածաշրջանում քրիստոնեությունն «առաջինը ընդունել է Աղվանքի թագավորությունը»: Ըստ հեղինակի՝ Աղվանքում քրիստոնեությունը տարածել է Թադեւոս առաքյալի սան Եղիշեն: Արտառոցն այն է, որ այդ «տեսության» համար նա հիմք է ընդունում հայ պատմագրության աղբյուրները, բայց դա սկզբունքային նշանակություն չունի:
Երեւույթը վկայում է խորքային գործընթացի մասին: 44-օրյա պատերազմից հետո ռուսաստանյան եւ Բաքվի մամուլում մի շարք հրապարակումներ եղան, որոնցից հասկացվում էր, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի դեմ Բաքուն քայլեր է ձեռնարկում: Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծվել է «Ուդի-աղվանական կրոնական համայնք» կազմակերպությունը, որի ներկայացուցիչները ծիսական մի քանի արարողություն անցկացրին Հադրութի եկեղեցում, ապա եւ՝ Դադիվանքում:
Այդ շրջանում մամուլը տեղեկություններ էր փոխանցում, որ Արցախի քրիստոնեական ժառանգությունը յուրացնելու համար Բաքուն բանակցություններ է վարում քրիստոնեական երեք կենտրոնների՝ Վատիկանի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ եւ Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսի հետ:
Ադրբեջանը խնդիր է դրել հասնել Աղվանից եկեղեցու՝ որպես ինքնուրույն կառույցի ճանաչմանը: Բաքվում համարում են, որ ցարական իշխանությունները 1836 թվականին Հայ եկեղեցու Положение-ն ընդունելով՝ Աղվանից եկեղեցու կարգավիճակը լուծարել են, նրա հոգեւոր եւ նյութական ժառանգությունը «հանձնել Էջմիածնին»:
Ըստ երեւույթին, այդ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել: Թե Ռուս ուղղափառ եկեղեցին, թե Հունաց տիեզերական պատրիարքը գիտեն, որ Աղվանից եկեղեցին Էջմիածնի առաջնորդությունն ընդունել է 9-րդ դարում, այդ միասնությունը երբեք չի խախտվել:
Դատելով Աղվանքի եւ Աղվանից եկեղեցու խնդրի շուրջ Վատիկանի թերթի հրապարակումից, Ադրբեջանը փորձում է քաղաքական խնդրի լուծման իր ջանքերում ներգրավել Կաթոլիկ եկեղեցուն, թերեւս՝ անձամբ Հռոմի պապին: Ադրբեջանը Վատիկանի գործընկերն էր, երբ Հռոմում վերականգնողական-վերանորգման աշխատանքներ էին սկսվել: Իլհամ Ալիեւը տիկնոջ հետ արժանացել է Հռոմի պապի ընդունելությանը, Բաքվում կաթոլիկ եկեղեցի է հիմանադրվել:
Ճիշտ է, օգտագործվում է նախանցյալ դարում գերմանացի վերաբնակիչների կառուցած եկեղեցին, բայց երբ խնդիրը քաղաքական է, նման «մանրուքի» վրա նույնիսկ Վատիկանում ուշադրություն չեն դարձնում:
Հայաստանը Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, 44-օրյա պատերազմից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Վատիկան: Արցախի պատմամշակութային ժառանգության իքնության հարցն այդ հանդիպման ընթացքում արծարծվե՞լ է: Վատիկանում Հայաստանի դեսպանը տեղյա՞կ է, թե Սուրբ աթոռն ինչ հարաբերություններ ունի Բաքվի հետ:
Վատիկանը միայն կրոնական կառույց չէ, ոչ էլ՝ «քաղաք-պետություն»: Հռոմի պապի հեղինակությունը միջազգային քաղաքականության մեջ միշտ է ընդունված եղել : Հայաստանի կառավարությունը եւ Հայ առաքելական եկեղեցին պարտավոր են Աղվանից եկեցու խնդիրը կարեւորել եւ համատեղ ջանքերով կանխել Բաքվի ծրագրի իրականացումը: Արցախ հայ բնակչության վերադարձի երաշխիքներից ամենագլխավորը, թերեւս, նրա քաղաքակրթական եւ հոգեւոր ինքնության պահպանումն է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։