Ռուսաստանը եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիան (ԱՍԵԱՆ) խորացնում են անվտանգության համակարգումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ-ԱՍԵԱՆ երկկողմ նիստի շրաջանակներում։
«Ավելի քան երեք տասնամյակ մեր հարաբերություններն իսկապես ընդգրկուն են դարձել։ Նպատակային աշխատանք է տարվում քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում համակարգումը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։ Մենք դրական դինամիկա ենք տեսնում գործնական ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում»,-հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով Մոսկվան համոզված է, որ ԱՍԵԱՆ-ի ճարտարապետությունը, որը հիմնված է ներառականության եւ հավասարության վրա՝ հաշվի առնելով բոլորի շահերը, պետք է մնա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության եւ կայուն զարգացման հիմքը:
Հանդիպման արդյունքներով կողմերը նաեւ համատեղ հայտարարություն են ընդունել, որի համաձայն Ռուսաստանը եւ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը անվտանգության, այդ թվում՝ կիբերանվտանգության ոլորտում։
Ներկայումս Լաոսը, որը նախագահում է ԱՍԵԱՆ-ը 2024 թվականին, հյուրընկալում է տարածաշրջանային բլոկի եւ ԱՍԵԱՆ-ի երկխոսության գործընկեր երկրների նախարարական հանդիպումների ամենամյա շարքը:
Ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ Լավրովը հանդիպում է ունեցել Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վան Յիի հետ։ Հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը «մանրամասնորեն» քննարկել են Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի շրջանակներում համագործակցության հարցերը, ինչպես նաեւ նաեւ Եվրասիայում «անվտանգության նոր ճարտարապետության» ներդրման հարցը։
Նշենք, որ ԱՍԵԱՆ-ի լիիրավ անդամներ համարվում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները, Բրունեյը, Լաոսը, Վիետնամը, Կամբոջան և Մյանմարը: Քննարկվում է նաեւ Արեւելյան Թիմորի միանալու հարցը։