«Երեւանի հանրային տրանսպորտի աշխատանքից շատ դժգոհ եմ։ Ստիպված եմ լինում 45 րոպե սպասել ավտոբուսին։ Իսկ երբ այն գալիս է, մարդիկ խցկվում են։ Երթեւեկում ենք ահավոր պայմաններում։ Երբեմն հնարավոր չէ էլեկտրոնային եղանակով վճարել․ սարքերը չեն աշխատում։ Որոշ ավտոբուսներում էլ չեն աշխատում այն կոճակները, որոնք սեղմելով՝ քաղաքացիները վարորդին տեղեկացնում են, որ կանգառում ուզում են իջնել»,- պատմում է Երեւանում բնակվող Ամալյա Զոհրաբյանը։
Ինչպես հայտնի է, ուղեվարձը կարելի է վճարել նաեւ էլեկտրոնային եղանակով։ Համակարգից օգտվելու համար քաղաքացիները մեկանգամյա օգտագործման QR կոդ-տոմս կարող են ձեռք «Թել-Սել» վճարային տերմինալների եւ «Telcell» բջջային հավելվածի միջոցով: Նախապես մրցույթ էր հայտարարվել, հաղթել էր «Թել-Սել»-ը, ուստի այս ընկերության հետ է պայմանագիր կնքվել։
Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը երբեմն օգտվում է հանրային տրանսպորտից, որպեսզի անձամբ տեսնի ու հասկանա, թե ինչ խնդիրներ կան։ Նա զրուցել է քաղաքացիների հետ․ հատկապես տարեցներն են դժհոգում՝ իրենց համար դժվար է հեռախոսում ծրագիր ներբեռնելը, այն լիցքավորելն ու դրանով վճարելը։ Բացի այս՝ կան մարդիկ, որոնք սմարթֆոն չունեն, իսկ եթե գոնե քարտային տարբերակով վճարելու հնարավորություն լիներ, կկարողանային քարտը համապատասխան սարքին մոտեցնելով՝ վճարել։
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակազմում 2024 թվականի հուլիսի 12-ի դրությամբ կա 717 ավտոբուս, շահագործվում է 597-ը։ «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունում առկա 56 տրոլեյբուսներից օրական երթուղի է դուրս գալիս 42-43-ը։ Ընդհանուր առմամբ, ամեն օր երթուղի դուրս է գալիս մոտ 500 շարժակազմ՝ կախված այն հանգամանքից աշխատանքայի՞ն օր է, թե՞ ոչ, ուսումնական հաստատություններում արձակո՞ւրդ է, թե՞ ոչ:
Ավագանու անդամը նկատել է՝ խցանումների պատճառով երբեմն մի քանի կիլոմետր գնալու համար բավական երկար ժամանակ է պահանջվում։ Այս խնդիրը որոշակիորեն կլուծվեր, եթե հանրային տրանսպորտի համար նախատեսված առանձին ուղիները շատ լինեին։
«Քաղաքացիները դժգոհում են՝ սա ոչ թե ուղեւորափոխադրում է, այլ բեռնափոխադում։ Մարդիկ արժանապատիվ պայմաններում պիտի երթեւեկեն։ Քաղաքային իշխանության պարտականությունն է ծառայել ժողովրդին եւ ուղեւորափոխադրման նորմալ պայմաններ ապահովել»,- ասում է Մեսրոպ Մանուկյանը։
Մոտ տասը տարի առաջ Գերմանիայում սովորելիս Մանուկյանը հանրային տրանսպորտից է օգտվել։ Այնտեղ երբեք մարդիկ չէին խցկվում ավտոբուսների մեջ, միայն թույլատրելի քանակով ուղեւորներ էին փոխադրում։ Մինչդեռ, Երեւանում 2024 թվականին ավոբուսներում հիմնականում թույլատրելիից ավելի ուղեւորներ են լինում։ Մարդիկ նույնիսկ կանգնելու տեղ չեն ունենում, բայց քանի որ գիտեն՝ հաջորդ ավրոբուսն էլ է նույն վիճակում լինելու, որոշում են զուր 20-45 րոպե չսպասել ու ջանում են մի կերպ տեղավորվել։ Ըստ այդմ, բոլորովին արդարացված չէ 2025-ի հունվարի մեկին տրանսպորտի թանկացումը։ Ի սկզբանե որոշվել էր տրանսպորտի գինը թանկացնել 2024 թվականի սեպտեմբերին, սակայն հետաձգվել է։ Ըստ Մանուկյանի՝ իշխանությունը հասկացել է՝ հիմա այդ թանկացումը կարող է բողոքի ալիք առաջացնել, ուստի որոշել են որոշումն ուժի մեջ մտցնել հաջորդ տարվա սկզբին։
Այսպիսի պայմաններում երթեւեկելով՝ ուղեւորները երբեմն վնասվածքներ են ստանում։ Ի պատասխան մեր տեղեկություն ստանալու հարցման՝ Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը տեղեկացրել է՝ 2023 թվականի ընթացքում «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների մասնակցությամբ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1235 պատահար, 2024-ի սկզբից մինչեւ հուլիսի մեկը՝ 806:
2023 թվականին տրոլեյբուսների մասնակցությամբ արձանագրվել է 142 ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ 2024 թվականի հունվարի մեկից մինչեւ հուլիսի մեկն ընկած ճամանակահատվածում՝ 107:
«Տրոլեյբուսների մասնակցությամբ այս տարվա պատահարների թվի աճի դինամիկան պայմանավորված է երթուղիներում ավելացած 15 նոր տրոլեյբուսներով, եւս 15 նոր տրոլեյբուս կշահագործվի մինչեւ տարեվերջ»,- տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
Ավտոբուսների եւ տրոլեյբուսների մասնակցությամբ պատահարների կամ վարորդների կտրուկ արգելակելու հետեւանքով ուղեւորների՝ մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերի վերաբերյալ քաղաքապետարանը տեղեկություն, վիճակագրություն չունի։
Հուլիսի 8-ին տեղի ունեցած հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ հուլիսին տեղի է ունեցել ավտովթար։ Ավտոբուսի վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, իսկ ուղեւորներից մեկը վայր է ընկել՝ստանալով ողի եւ թիակի կոտրվածք։ Այնուհետեւ քաղաքապետը նշեց՝ մտահոգիչ է վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը։
«Այսպիսի ծավալներով ահազանգեր չպետք է ստանանք։ Վստահաբար այդտեղ դուք անելիք ունեք։ Պետք է խնդրեմ՝ ծրագիր ներկայացնեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի ուղեւորների եւ վարորդների հարաբերությունների հետ կապված՝ այս ծավալով ահազանգեր չլինեն»,- ասաց Ավինյանը՝ դիմելով համապատասխան վարչությունների ներկայացուցիչներին։
2023 թվականին ընթացքում աշխատանքից ազատվել է 113 վարորդ, 2024-ի հունվարի մեկից մինչեւ հունիսի մեկը՝ 77 վարորդ: Ընկերության ավտոբուսի վարորդները հիմնականում աշխատանքից ազատվում են իրենց դիմումի համաձայն, իսկ հեռացման հիմնական պատճառներն են աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունների կոպիտ խախտումները:
Մեր հարցին, թե հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները հիմնականում ինչից են բողոքում, լրատվության վարչությունը պատասխանել է՝ դժգոհում են ավտոբուսներին երկարատեւ ստասելուց, դրանց մարդաշատ լինելուց, TelCell համակարգի եւ տեղորոշման սարքերի խափանումներից, օդորակիչները միացնելուց կամ չմիացնելուց:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ավտոբուսների վարորդներին մի քանի անգամ հարցրել է՝ ինչպե՞ս է ստացվում, որ ուշանում են եւ մարդիկ ստիպված են 30-45 սպասել, նրանք պատասխանել են՝ պատճառը խցանումներն են։ Ըստ Չիլինգարյանի՝ սա ընդամենը պատրվակ է․ հարկավոր է ավտոբուսների քանակն ավելացնել ու վերահսկել, որ այսպիսի պատկեր չստացվի։
«Շատերն օդորակիչը չեն միացնում, երբեմն էլ դրանք թույլ են եւ աղմկոտ։ Մարդիկ այլ ելք չունենալով՝ մի կերպ կանգնում են ավտոբուսի մեջ։ Տրանսպորտը գերբեռնված է։ Վերջերս երկու անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել այս շոգ եղանակին։ Նրանցից մեկին դեղ տվեցին, մյուսին էլ իջեցրին ավտոբուսից ու Շտապ օգնություն կանչեցին»,- պատմում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Նա նկատել է՝ կան ավտոբուսներ, որոնք մաքուր չեն։ Որոշ վարորդներ էլ պարբերաբար կոպտում են մարդկանց, եւ քաղաքապետարանը պետք է այս հարցը կարգավորի։ Զարգացած երկրներում հանրային տրանսպորտի վարորդները դասընթացների են մասնակցում, գիտելիքներ յուրացնում, որպեսզի իրենց աշխատանքը հնարավորինս պատշաճ կատարեն։
«Սեպտեմբերին ավելի ցցուն է դառնալու տրանսպորտի խնդիրը։ Մարդիկ արձակուրդից վերադառնալու են, սկսելու են աշխատանքի գնալ, կրթական հաստատություններն են աշխատելու․․․ Քաղաքացիները կանգառում երկար սպասելու են եւ իրար հրելով՝ մի կերպ բարձրանալու ավտոբուս։ Շատերն արդեն հույս չունեն, որ մոտ ապագայում այս խնդիրները կլուծվեն։ Մարդիկ ասում են՝ ուր ուզում ես գնա՛, բողոքի՛ր․ մեկ է՝ ձայնդ չեն լսի»,- եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։