Եթե Գերմանիայում տեղակայվեն ամերիկյան գերճշգրիտ հրթիռային համակարգեր, Ռուսաստանն իրեն զերծ կհամարի ավելի փոքր եւ միջին հեռահարության հրթիռների տեղակայման վերաբերյալ ստանձնած մորատորիումից։ Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում անցկացված ռազմածովային ուժերի գլխավոր շքերթում։
«Եթե ԱՄՆ-ն իրականացնի նման ծրագրերը, մենք մեզ ազատ կհամարենք միջին եւ փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման նախկինում ընդունված միակողմանի մորատորիումից, ներառյալ մեր նավատորմի առափնյա ուժերի հնարավորությունների ավելացումը»,-«Интерфакс»-ի փոխանցմամբ հայտարարել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «հայելային միջոցներ կձեռնարկի» նման համակարգեր տեղակայելու համար՝ «հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ նրա արբանյակների գործողությունները Եվրոպայում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում»։
Ըստ Պուտինի ռուսական պետական եւ ռազմական կառավարման կարեւոր օբյեկտները, վարչական եւ արդյունաբերական կենտրոնները, ինչպես նաեւ պաշտպանական ենթակառուցվածքները կհայտնվեն ամերիկյան հրթիռների հասանելիության տիրույթում։
«Դեպի մեր տարածքում գտնվող թիրախներ նման հրթիռների թռիչքային ժամանակը, որոնք ապագայում կարող են հագեցած լինել նաեւ միջուկային մարտագլխիկներով, կկազմի մոտ տասը րոպե։ Այս իրավիճակը հիշեցնում է Սառը պատերազմի իրադարձությունները, որոնք կապված են ամերիկյան «Pershing»-ի` միջին հեռահարության հրթիռների Եվրոպայում տեղակայման հետ»,-ասել է Պուտինը։
Հուլիսին Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կսկսի հեռահար սպառազինությունների «փուլային» տեղակայումը Գերմանիայի տարածքում։ Ըստ հաղորդագրության տեղակայվելու են «SM-6» հրթիռներ, «Tomahawk» հրթիռներ եւ գերձայնային հրթիռների այնպիսի տեսակներ, որոնք առավել մեծ հառահարություն կունենան, քան այժմ այնտեղ տեղակայվածներն ունեն։ Այսպիսով, սառը պատերազմից հետո առաջին անգամ Գերմանիայի տարածքում կտեղակայվեն ռուսական տարածք հասնելու ունակ սպառազինության համակարգեր։
ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը ստորագրել են 1987 թվականին՝ չորս տարվա ընթացքում կատարելով դրանով նախատեսված իրենց պարտավորությունները։ 2018 թվականի վերջին ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս կգա պայմանագրից, եթե Ռուսաստանը չվերադառնա դրա իրականացմանը։ ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից 9M729 հրթիռային համակարգի մշակումն անվանել է պայմանագրի խախտում։ Ռուսաստանը պնդում էր, որ չի խախտում պայմանագիրը, քանի որ հրթիռի հեռահարությունը չի գերազանցում 500 կիլոմետրը։ 2019 թվականի օգոստոսին պայմանագիրն անվավեր է դարձել։