Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Էլվիս Ամորոսոն հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 51,2%-ը՝ առաջ անցնելով ընդդիմադիր թեկնածու, 74-ամյա նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսից, ով ստացել է 44,2% քվե։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Ամերիկյան Edison Research ընկերության անցկացրած հարցումների տվյալները, որը մեջբերում է Bloomberg-ը, ցույց են տալիս, որ Գոնսալեսը ավելի քան 30 տոկոսային կետով առաջ է անցել գործող նախագահից։
Մադուրոն արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ իր հաղթանակը խաղաղության եւ կայունության հաղթանակ էր։
Ընդդիմությունը վստահ է, որ արդյունքները, ինչպես 2018-ի վերջին ընտրություններում, կեղծված են։ «Արդյունքները հնարավոր չէ թաքցնել։ Երկիրը խաղաղ ճանապարհով ընտրեց փոփոխությունը»,- գրել է Էդմունդո Գոնսալեսը X -ի էջում քվեարկության ավարտից հետո, մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը։
Ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, ում իշխանությունները արգելել էին առաջադրվել նախագահական ընտրություններում եւ նրան փոխարինել էր Գոնսալեսը, X-ում հրապարակել է բանակին ուղղված կոչ։
«Ես դիմում եմ զինվորականներին։ Վենեսուելայի ժողովուրդը ասել է իր խոսքը։ նրանք չեն ցանկանում Մադուրոյին։ Ժամանակն է կանգնել պատմության ճիշտ կողմում: Դուք դա անելու հնարավորություն ունեք հենց հիմա»,- ասվում է Մաչադոյի գրառման մեջ
Բանակը, սակայն, ինչպես նշում է Reuters-ը, միշտ աջակցել է Մադուրոյին, եւ մինչ այս ընտրությունները որեւէ նախանշան չի եղել, որ բարձրաստիճան զինվորականները ծրագրում են հրաժարվել նախագահին ցուցաբերվող աջակցությունից։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլաս Մադուրոն հայտարարել, որ մտադիր է բավականին հեշտ հաղթանակ տանել ընդդիմության նկատմամբ։ Քվեարկությունից մի քանի օր առաջ էլ Վենեսուելայի գործող նախագահը զգուշացրել է, որ եթե պարտություն կրի, ապա երկիրը «արյան մեջ կլողա»։
Այս հայտարարությունը հանգեցրել է Բրազիլիայի ձախակողմյան առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հանդիմանությանը: Ըստ Լուլայի՝ Մադուրոն պետք է կարողանա սովորել, որ «եթե հաղթում ես, մնում ես իշխանության, իսկ եթե պարտվում ես՝ հեռանում ես»:
Ձայների հաշվարկի թափանցիկության կոչ էլ հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ հայտարարված արդյունքը չի արտացոլում Վենեսուելայի ժողովրդի կամքը կամ ձայնը», — ասել է Բլինկենը:
Ազգային ընտրական խորհրդի ընդդիմության ներկայացուցիչ Դելսա Սոլորցանոն քվեարկությունից հետո լրագրողներին ասել է, որ ընդդիմությունը պատրաստ է պաշտպանել ընտրությունների արդյունքները՝ ակնարկելով, որ Գոնսալեսը հաղթել է:
«Մեր ունեցած տեղեկագրերով, եւ դրանք բավական են, շատ են, մենք գիտենք, թե ինչ է կատարվում երկրի հետ: Ինչի՞ ենք ականատես։ Մենք մեր գործերով ցույց ենք տվել, որ կարող ենք պաշտպանել ժողովրդի կամքը»,- Սոլորցանոի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Ընդդիմությունը նաեւ հայտարարել է, որ իր դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել մեծ քանակությամբ ընտրատեղամասերի ձայների հաշվարկին, ինչի արդյունքում իրենց հասանելի է եղել միայն էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների միայն 30%-ը: