Մալիի հյուսիսում՝ Ալժիրի հետ սահմանի մոտ, տուարեգ ապստամբների հարձակման հետեւանքով սպանվել են տասնյակ կառավարական զինվորների եւ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վարձկաններ, որոնք կռվում էին կառավարական ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Մալիից անկախության ձգտող ապստամբների «Խաղաղության, անվտանգության եւ զարգացման մշտական ռազմավարական շրջանակ» խմբավորման հայտարարությունը։
Խմբավորման խոսնակ Մուհամեդ Էլմաուլուդ Ռամադանը հայտարարել է, որ հուլիսի 25-26-ը ընթացած մարտերի արդյունքում ապստամբները «ջախջախել են Մալիի բանակի եւ ռուս վարձկանների ամբողջ շարասյունը»։
Reuters-ն էլ մեջբերում է Մալիի բանակի հայտարարությունը, որում ասվում է, որ մարտերի արդյունքում զոհվել է երկու զինվոր, եւ վիրավորվել՝ 10-ը: Բացի այս, հաղորդվում է Կիդալ քաղաքում ռուսական ուղղաթիռներից մեկի վթարի ու կործանման մասին։ Ապստամբները պնդում են, որ ուղղաթիռը խոցել են իրենք։
Մալիի բանակի ծանր կորուստների մասին AFP-ին հաստատել է նաեւ տեղի պաշտոնյաներից մեկը։ Նրա խոսքով՝ զոհվել է առնվազն 17 մարդ։ Կիդալում ՄԱԿ-ի առաքելության նախկին պաշտոնյան էլ հայտնել է, որ առնվազն 15 «Վագների» վարձկան է սպանվել եւ գերվել են եռօրյա մարտերից հետո:
Մալիում տեղի ունեցածի ու «Վագների» կորուստների մասին հայտնում է նաեւ ռուսական WarGonzo կայքը՝ նշելով, որ ապստամբենրի հարձակման պահին վարձկանները կառավարական զորքերի հետ տեղաշարժվել էին նույն շարասյունով։
«Վագների» սպանվածների թվում է եղել նաեւ Gray Zone ռուսական քարոզչական տելեգրամյան ալիքի ադմինիստրատոր Նիկիտա Ֆեդյանինը։
BBC-ի ռուսական ծառայության տվյալներով, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վարձկանները Մալիում են տեղակայվել 2021 թվականից։ 2020 թվականին երկրում իշխանությունը զավթվել էին զինվորականները, որոնք էլ «Վագներին» հրավիրել էին երկրում «անվտանգությունն ապահովելու համար»։