Կարիշոկ Դուլյանը եւ Լիլիա Նազարյանը մանկության ընկերուհիներ են։ Փոքրուց ամեն ինչ կիսելով՝ ավելի ուշ միավորվեցին արվեստի հանդեպ սիրով։ Հուլիսի 27-ին տեղի ունեցավ նրանց առաջին համատեղ ցուցահանդեսը։
«Սա էքսպերմիենտ է, մենք այդպես ենք այն անվանում։ Գաղափարը ծնվեց, երբ հասկացանք, որ կան գեղեցիկի տարբեր ձեւեր, որոնք շատ ավելի լավ է համատեղել մեկի մեջ», — ցուցահանդեսի բացման իր խոսքում ասաց Լիլիա Նազարյանը։
Լիլիային երկրորդեց ցուցահանդեսի համահեղինակ Կարիշոկ Դուլյանը. «Ես ու Լիլկան մանկության ընկերներ ենք շատ-շատ փոքր տարիքից։ Որոշեցինք՝ մի բան անենք, որը ցույց կտա եւ՛ մեր սերը արվեստի, եւ՛ իրար հանդեպ։ Ինձ միշտ շատ էին դուր գալիս իր պատրաստած զարդերը, իսկ իրեն՝ իմ նկարները»։
Կարիշոկի համար այս ցուցահանդեսը մարտահրավեր էր, քանի որ իր նկարներում շատ գույներ է օգտագործում, իսկ այժմ պետք էր սահմանափակել ներկապնակն ու նկարել զարդերի գույներով։
«Նայում էի, թե զարդն ինչ գույներ ունի եւ դրանից արդեն ոգեշնչում էր գալիս եւ շատ հետաքրքրանում էր պրոցեսը, որ այ էս գույներով պետք է նկարեմ։ Սա հնարավորություն է տալիս, որ եթե դու ունես քո սիրելի գունային համադրությունը, կարող ես գնել նկարը, կախել պատին, իսկ հետո էդ նկարը՝ կտոր-կտոր հավաքած թելի վրա որպես զարդ, կարող ես հետդ ման տալ, կամ նվիրել կնոջդ, նայել ու հիանալ», — պատմում է ցուցահանդեսի համահեղինակ Կարիշոկ Դուլյանը։
Կարիշոկը մեզ հետ զրույցում բազմիցս նշեց, որ կրկնակի հաճելի ու կարեւոր է այս ցուցահանդեսն իր համար, քանի որ այն կազմակերպել է սիրելի մարդու հետ, եւ իրենց կապի արդյունքում ոգեշնչումն ավելի էր մեծանում եւ մի օրում անգամ երկու նկար էր նկարում։
Ցուցահանդեսը գույների ճիշտ համադրության մասին է։ Հեղինակները նշում են, որ եթե մարդը հավանում է այդ համադրությունը, այն կարող է ավելի շատ հաճույք պատճառել։
«Սա ընդհանուր առմամբ ծնվել է փոխլրացման գաղափարից։ Սա մի սիմբիոզ է այն առումով, որ մի արվեստն ու մեկ ոգեշնչումը ծնում է մյուսին: Մենք սնվում ենք միմյանց գաղափարներով: Օրինակ՝ երբ ես սկսեցի զարդեր պատրաստել, իմ բրենդի լոգոն՝ դեղձանիկը, Կարիշոկը նկարեց։ Հետո զարմանալի ինչ-որ բան սկսվեց։ Երբ մենք պատմեցինք մեր ընկերներին եւ ցույց տալ, թե ինչ ենք անում, բոլորը սկսեցին նոր գաղափարներ առաջարկել, օրինակ խոհարար ծանոթներից մեկն ասաց, որ այս գույների համադրությամբ կարող ենք նաեւ ուտելիք պատրաստել»,- պատմեց Լիլիա Նազարյանը։
Վերջում Կարիշոկն անկեղծացավ եւ ասաց, որ երբ տեսնում է, որ մարդիկ գալիս են, հավանում եւ ասում են, որ նայելով նկարներին հանգստանում են, հասկանում է, որ անիմաստ չէ եւ մյուսների կյանքում ինչ-որ բան փոխում է իր աշխատանքներով։
Աստղիկ Հովհաննեսով, Ֆրունզ Ավետիսյան