Լուսահոգի բանաստեղծ Արմեն Շեկոյանը, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել երեք տարի առաջ այս օրը, հարցին՝ ինչու հայրենասիրական բանաստեղծություններ չի գրում, ասել էր՝ ի՞նչ ա, ուզում եք քծնե՞մ հայրենիքիս։
Առհասարակ «հայրենասեր» բառն՝ այս կազմությամբ (հայրենիք + սեր), ինձ համար անհասկանալի է, եթե սերը, Շեկոյանի ասած՝ քծնանքից այն կողմ չի անցնում։ Այսինքն՝ եթե սերը հանձնառություն չէ, պարտք չէ, պարտասխանատվություն չէ։
Այս թեմայով չէի գրի, Արմենի սրամիտ, դիպուկ պատասխանն էլ չէի հիշի, եթե նախօրեին Ֆեյսբուքի լրահոսի վրա չնկատեի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղերձը Գյումրու օրվա առթիվ։ Եվ որպեսզի վերնագրիս երկմտանքը հասկանալի լինի, ուղերձի տեքստը մեջբերում եմ ամբողջությամբ։
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ:
Այսօր մեր բոլորի տոնն է։ Ու բոլորիս համար է տոն, որովհետև մեզ Գյումրու նկատմամբ անսահման սերն ու հիացմունքն են միավորում։
Մեր բացառիկ քաղաքը միշտ տարբերվել է թասիբով ու հումորով, հյուրասիրությամբ ու ջերմությամբ։
Գյումրին շքեղ, միևնույն ժամանակ պարզ է եղել բոլորի համար, այնքան հասկանալի` կենսակերպով ու կենցաղով, միաժամանակ` խորհրդավոր պատմությամբ ու կոլորիտով։
Ձգտումի, ժպիտի և սիրո քաղաք է Գյումրին, որը չսիրել չես կարող, որով չհիանալ չի լինի։ Գյումրու ամեն անկյունն ու թաղն իր ուրույն, հետաքրքիր ու տարբերվող պատմությունն ունի։
Հնամյա շենքերը, լեզուն ու խոսքը, ինքնատիպ ու սուր մտքերը ներկայացնում են Գյումրին ու գյումրեցու առանձնահատկության մասին են պատմում։
Գյումրին բազմաթիվ փորձություններով է անցել, աղետ ու դժվարություն է տեսել, ընկել է, սակայն երբեք չի ծնկել, գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել դժվարությունների դեմ և դրանք հաղթահարել ու շարժվել է առաջ։
Այժմ էլ ժամանակն է առաջ նայելու և համատեղ ջանքերով մեր քաղաքն ավելի գեղեցիկ, առավել բարեկեցիկ ու սիրուն դարձնելու։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի քաղաք։
Շնորհավո՛ր տոնդ հարազատ գյումրեցի։
Հասկանալի է, որ բարձր պաշտոնյաներն իրենք չեն նստում, գրում ուղերձների տեքստերը։ Կան հատուկ մարդիկ, որոնք տիրապետում են հատուկ կարծր կաղապարների եւ դրանցով հյուսում են սերն առ հարազատ ժողովուրդ՝ հաճախ հաշվի չառնելով խնդրո առարկա տարածքի կամ ժամանակի առանձնահատկությունը։
Համաշխարհային չափանիշներով եթե գնահատելու լինենք, Գյումրին կարող է համարվել ռեկորդակիր քաղաք, որտեղ պատահած ահավոր աղետից 36 տարի անց դեռ ժամանակավոր կացարաններում ծվարած հազարավոր ընտանիքներ կան, որոնց «Գյումրու նկատմամբ անսահման սերն ու հիացմունքն են միավորում» իրարահաջորդ իշխանությունների հետ։
Կան ընտանիքներ, որոնք վաղ աշուն-ուշ գարուն ժամանակահատվածում պարբերաբար ջերմանալու խնդիրներ են ունենում, բայց մարզպետի տեքստում թասիբի, հումորի, հյուրասիրության հետ միասնանում են «ջերմություն» բառով։
Կան ընտանիքներ, որոնք «կենսակերպով ու կենցաղով» նույնանում են Ասիայի կամ Աֆրիկայի որոշ երկրների իրենց բախտակիցների հետ, բայց դա չի խանգարում, որ տեքստի անհայտ հեղինակը կամ հայտնի ստորագրողն արձանագրի. «…գյումրեցին իրեն վայել պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ է դուրս եկել դժվարությունների դեմ և դրանք հաղթահարել ու շարժվել է առաջ։»։
Որ «Ձգտումի, ժպիտի և սիրո քաղաք է Գյումրին» կարելի է համոզվել փոքր (շատ փոքր) կենտրոնից քայլ աջ-ձախ, վերեւ-ներքեւ անելով կամ պարզապես նայելով այս լուսանկարները։ Իսկ որ «Գյումրու ամեն անկյունն ու թաղն իր ուրույն, հետաքրքիր ու տարբերվող պատմությունն ունի», դժվար չէ հասկանալ այդ թաղերում մի քանի ժամ անցկացնելով։
Միջին վիճակագրական բարոյախոսը կասի՝ մարդիկ տոն են անում, ուրախանում են, իսկ դու խնդիրներ ես բարձրացնում։ Ես էլ իրավացիորեն կասեմ, որ Հայաստանում խնդիրների անլուծելիությունը ձգվում, իսկ պաշտոնյաների խոսքի ճոռոմությունը պարարտանում է հույժ համաչափորեն։ Ավելին՝ որքան չլուծված են մնում խնդիրները, այնքան ուղերձներ գրողների ձիրքն ու տաղանդը փայլատակում է։
Հ.Գ. Ամեն անգամ երբ խոսվում է ժամանակավոր կացարաններում (դոմիկներում) ապրող հազարավորների մասին, անպայման հայտնվում է մեկն ու ասում՝ բա գիտե՜ք, էդ մարդիկ ժամանակին տներ են ստացել, վաճառել են ու նորից ընտրել թշվառ կյանքը։ Բայց ոչ ոք չի ջանում մտածել ու հասկանալ, որ, եթե անգամ դա ճիշտ է, պատասխանատուն իշխանությունն է՝ երեկվա, այսօրվա կամ վաղվա։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։