Երկրագնդի քաղցրահամ ջրի պաշարները սահմանափակ են․ դրանք համաշխարհային ջրային պաշարների 2,5%-ն են։ 43 երկրում ավելի քան 2 միլիարդ մարդ սակավաջրության լուրջ վտանգի առաջ է կանգնած։ Նրանք չունեն մաքուր եւ որակյալ խմելու ջրի բավարար պաշարներ կամ առհասարակ զրկված են դրանից:
Ըստ ՄԱԿ-ի կատարած հետազոտության՝ աշխարհի բնակչության կեսից ավելին (4,52 միլիարդ մարդ) ջրային ռեսուրսների սակավության հետեւանքով զրկված է սանիտարահիգիենիկ նորմալ պայմաններից։ Աշխարհի բնակչության մոտ մեկ հինգերորդն արդեն բախվում է ջրի սակավության խնդրի (Միջին Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հնդկաստանում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Չինաստանում, Հյուսիսային Մեքսիկայում եւ Հարավարեւելյան Ավստրալիայում):
2020 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Շրջակա միջավայրի նախարարության հետ հետազոտություն է անցկացրել։ Հայաստանի բնակչության 23,4 տոկոսը չունի հասանելիություն բարելավված սանիտարական ծառայություններին: Այդ խնդիրն առկա է հատկապես գյուղերում։
Մեր երկիրը համարվում է ջրային սթրեսի բարձր մակարդակով երկիր։ Ըստ միջազգային չափանիշների՝ երկիրը համարվում է ջրային սթրեսի ենթարկված, եթե օգտագործում է իր տարածքի վերականգնվող ջրային ռեսուրսների ավելի քան 25%-ը։
Ըստ ՄԱԿ-ի վերոնշյալ հետազոտության՝ Հայաստանում հանրության շրջանում ջրային ռեսուրսների վերաբերյալ գիտելիքն անհրաժեշտ է հարստացնել։ Վերապատրաստումը եւ իրազեկության բարձրացումը բոլոր շահառուների շրջանում կարեւոր են։
Հարկավոր է գիտակցել, որ կլիմայի փոփոխությունների հետեւանքով տարիներ անց Հայաստանում եւս կարող է քաղցրահամ ջրի սակավություն առաջանալ։
Բազմաթիվ համայնքներում այժմ էլ խմելու ջրի խնդիրներ կան, այսուհանդերձ, մեր երկրում այդ ռեսուրսներն օգտագործվում են անարդյունավետ, չխնայելով։
2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում կա 6597 ցայտաղբյուր, որից 3311-ը Երեւանում է։ Ցայտաղբյուրների միջոցով տարեկան սպառվող ջրի ընդհանուր քանակը մոտ 11.39 մլն խորանարդ մետր է։
Ի պատասխան տեղեկություն ստանալու մեր գրավոր հարցման՝ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը նշում է՝ 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանի խնդրանքով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի իրականացրած փորձնական ծրագրի շրջանակում ցայտաղբյուրների ջրածախսը նվազեցնելու նպատակով՝ տեղադրվեցին որոշակի թվով փականներ, որոնց որոշ մասը կարճ ժամանակ անց մարդիկ կոտրվեցին, հանեցին։
««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում ցայտաղբյուրների սպասարկման համար։ Դա համայնքների պատասխանատվության ներքո է։ Մեր ընկերությունը վարձակալության պայմանագրի շրջանակում չունի ցայտաղբյուրները ջրախնայող փականներով կահավորելու պարտավորություն»,- մանրամասնում է Շահինյանը։
2023-2024 թվականների ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում տեղադրվել է 133 նոր ցայտաղբյուր:
ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին գրավոր հարցում ուղարկեցինք՝ փորձելով պարզել՝ այժմ մեր երկրում փական ունեցող քանի՞ ցայտաղբյուր կա, սակայն տեղեկություն չտվեցին։
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Գոռ Մելիքսեթյանն ասում է՝ կոմիտեն առաջարկել է ցայտաղբյուրների վրա փականների տեղադրման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել համայնքի բյուջեի հաշվին, բայց դեռ վիճակագրություն չկա՝ ոչ համայնքում քանի փական է տեղադրվել։
Այս խնդրի վերաբերյալ Ջրային կոմիտեն պարբերաբար քննարկումներ է ունեցել «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։ Ըստ Գոռ Մելիքսեթյանի՝ ընկերությունը նույնպես կարեւորում է ՀՀ մարզերի եւ Երեւանի ցայտաղբյուրների վրա փականների տեղադրման հարցը եւ պատրաստ է տրամադրել տեխնիկական ու մասնագիտական խորհրդատվություն։
Մարզպետների աշխատակազմերը Մելիքսեթյանին ներկայացրել են տեղեկատվության, ըստ որի՝ որոշ համայնքներ ամբողջությամբ ավարտել են ցայտաղբյուրների վրա փականների տեղադրման աշխատանքները, որոշներն էլ դեռեւս ընթացքի մեջ են։ Իսկ մյուսները փականներ կկարողանան տեղադրել, երբ ֆինանսական միջոցներ ունենան:
«Այն համայնքները, որոնք ավելի բարձրադիր գոտում են, նպատակահարմար չեն գտնում ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելը՝ հաշվի առնելով մեխանիզմի սառելու, փչանալու հավանականությունը։ Ի դեպ, մեր դիտարկումներով՝ կան համայնքներ, որտեղ բնակչությունն առանձնապես խնամքով չի օգտագործում փականները», — մանրամասնում է Գոռ Մելիքսեթյանը։
2022 թվականին «Ալիք Մեդիա»-ն ցայտաղբյուրների փականների վերաբերյալ հրապարակում էր պատրաստել։ Ըստ ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալների՝ 2022 թվականին Հայաստանում կար 6578 ցայտաղբյուր (3298-ը Երեւանում էր), որոնցից միայն 200-ի վրա էին տեղադրվել զսպանակավոր փականներ։ 2022 թվականին Ջրային կոմիտեն վստահեցնում էր, որ առաջիկա 3-4 տարում ցայտաղբյուրների փականների հարցը կլուծվի, սակայն մինչեւ հիմա սայլը տեղից չի շարժվում․ նկատելի արդյունք չկա։ Նույնիսկ վիճակագրություն չկա այն մասին, թե հիմա քանի ցայտաղբյուրի վրա փական կա, կամ առաջիկայում քանիսն է տեղադրվելու։
Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի՝ տարիներ շարունակ մեզ մոտ այս վիճակն է․ ջուրը խնայելու ոչ մի միջոցառում չի իրականացվում։ Պետական մակարդակով լուրջ քայլեր չեն արվում։ Դեպի Երեւան եկող խողովակները հին են ու մաշված․ ջրի 70-80 տոկոս կորուստ ենք ունենում։
«Ասում են՝ գումար չկա խողովակները փոխելու համար։ Կառավարությունը պետք է այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահի, լուծի, ոչ թե ոլորտը վստահի ինչ-որ ընկերության, որը չի կարողանում կարգավորել այս հարցը։ Խնդիրը միայն «Վեոլիա ջուր» ընկերությունը չէ․ դրանից առաջ եղածները եւս չեն կարողացել արդյունավետ աշխատել։ Տարբեր երկրներում եմ եղել։ Կան համայնքներ, որտեղ ջուրը շատ թանկ է․ շշերով գնում են, քանի որ ծորակից այն չի հոսում»,- մանրամասնում է բնապահպանը։
Հնդկաստանում նա տեսել է, թե որոշ շրջաններում ինչպիսի հակահիգիենիկ պայմաններ են, քանի որ ջուր չկա։ Մարդիկ Գանգեսի մեջ են լվացք անում, լվացվում, լողանում․․․ Իսկ Հայաստանում ջուր ունենք, բայց չենք խնայում։ Ավտոլվացման կետերում եւս ջրային մեծ պաշարներ են օգտագործվում, ոմանք էլ ոռոգման ջուր չունենալով՝ այգիներն ու բանջարանոցն են ոռոգում խմելու ջրով։ Զարգացած երկրներում նման բաներ չկան։
Բնապահպանը նկատել է՝ «Վեոլիա ջուր»-ը որոշ աշխատանքներ է իրականացնում, փականներ է տեղադրել, բայց դրանք շատ քիչ են։ «Լավ է, որ ցայտաղբյուրներ ունենք, բայց օրենք պետք է լինի, ըստ որի՝ դրանք պետք է ունենան փականներ։ Տեսչական մարմինը պիտի ստուգումներ անցկացնի։ Ցայտաղբյուր տեղադրող ամեն ոք կամ կառույց պիտի իմանա՝ այն տեղադրելիս պիտի փական էլ դնի։ Մեր փողոցում վերջերս զոհված հերոսներին նվիրված ցայտաղբյուր են տեղադրել եւ ի սկզբանե նաեւ փական է տեղադրվել։ Ահա այսպես պետք է խնամքով ու հոգածությամբ վերաբերվել ջրային պաշարներին»,- ասում է բնապահպանը։
Վերջերս նա արտերկրից ժամանած հյուր է ունեցել, որը, ցայտաղբյուրը տեսնելով, ապշել է՝ ինչպե՞ս կարելի է թողնել, որ ջուրն այսպես անդադար հոսի, ափսոս չէ՞, ինչո՞ւ փական չեն տեղադրում․․․ Սիլվա Ադամյանը կարծում է՝ հասարակությանն անհրաժեշտ է կրթել։ Մարդիկ պետք է իմանան, որ սակավաջրությունն ամբողջ աշխարհում գլոբալ խնդիրներից մեկն է։ Այսօր մենք ջուր ունենք, բայց այսպես անխնա օգտագործելով՝ վաղը չենք ունենա, մենք եւս առաջիկայում կարող ենք կանգնել սակավաջրության խնդրի առաջ։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։