Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել ջանքեր գործադրել՝ Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հասունացող լայնածավալ հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։
Գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնն ընդգծել է, որ «տարածաշրջանում նոր պատերազմը կարող է հանգեցնել կործանարար հետեւանքների»։
Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը ուշադրություն է հրավիրել «մտահոգություններ առաջացնող իրանական միջուկային ծրագրի վրա» եւ կոչ արել դիվանագիտական լուծում գտնել, հաղորդում է AFP-ը։
Իրանական պետական ISNA եւ IRNA լրատվամիջոցներն էլ նշում են, որ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում զգուշացերել է Իսրայելի համար ծանր հետեւանքների մասին, եթե վերջինս որոշի ռազմական գործողություններ սկսել Լիբանանի տարածքում։
«Եթե Սիոնիստական ռեժիմը հարձակվի Լիբանանի վրա, նա մեծ սխալ կգործի, որը սարսափելի հետեւանքներ կունենա նրա համար»,-ասել է Իրանի նորընտիր նախագահը եւ հավելել, որ Իսրայելը «Պաղեստինի 75 տարվա օկուպացիայի ընթացքում [․․․] ոտնատակ է տվել միջազգային բոլոր նորմերը»։
Փեզեշքիանը հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է նաեւ Ֆրանսիայի հետ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին՝ դրանք «ազնվության եւ փոխադարձ վստահության հիման վրա» կառուցելով։
Իր հերթին Մակրոնը շնորհավորել է Փեզեշքիանին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ Իրանի եւ եվրոպական երկրների միջեւ, այդ թվում եւ Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունները հարաբերությունները կբարելավվեն։