Երկուշաբթի գիշերը, երբ Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին հայտարարեց ընտրությունների հաղթող, նրա հազարավոր հակառակորդներ մայրաքաղաք Կարակասի եւ այլ քաղաքների փողոցներում սկսեցին բողոքի գործողություններ: Սկսվեցին բախումներ ոստիկանների եւ զինվորականների հետ։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ ցուցարարները՝ ի նշան Մադուրոյի նախագահ հռչակվելու դեմ բողոքի, սկզբում հարվածել են կաթսաներին, այրել մեքենաներ, անվադողեր եւ աղբամաններ։
Ոստիկանությունն ու զինվորականները փակել են նախագահական տանող բոլոր կենտրոնական փողոցները, ապա բողոքարարների դեմ ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ կիրառել։
Ցուցարարները նրանց պատասխանել են քարերի եւ վառելիքով լցված շշերի նետումով։ Նրանք վանկարկում են «Ազատություն» եւ «Այս կառավարությունը կտապալվի» լոզունգներ։ Այրվում ու պատառոտվում են քաղաքի շենքերի պատերի ու սյուների վրա ամրցված Մադուրոյի բոլոր նկարները։
BBC-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանության եւ զինվորականների հետ մեկտեղ Մադուրոյի իշխանությունը պապհնելու մեջ ներգրավված է նաեւ ձախակողմյան ռազմականցված «Կոլեկտիվոս» կազմակերպությունը։
2018 թվականին՝ նախորդ նախագահական ընտրություններից առաջ եւ հետո, բողոքի ցույցերը Վենեսուելայում շարունակվեցին մի քանի ամիս, սակայն Մադուրոյի եւ Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության իշխանությունը այդպես էլ չտապալվեց։
Հիշեցնենք, որ Ազգային ընտրական խորհուրդը, որը հիմնականում գտնվում է Մադուրոյի եւ Վենեսուելայի Միացյալ Սոցիալիստական կուսակցության ազդեցության ներքո, կիրակի օրը հրապարակել էր երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն գործող նախագահը հավաքել էր քաղաքացիների ձայների 51,2%-ը, իսկ միասնական ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44%-ը։
Անկախ հարցումները ցույց են տվել, որ Գոնսալեսի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 65%-ը, իսկ Մադուրոյի օգտին՝ 14%-ից 31%-ը։