Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզեյում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իր համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան կարող է «մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղրաբաղ եւ Լիբիա»։ Նա ուզում է, որ «Իսրայելը չկարողանա Պաղեստինի հետ անել այն սարսափելի բաները, որը հիմա անում է»։
Կասկածից վեր է, որ հայտարարության մեջ խոսքը գնում է 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի ռազմական լայնածավալ ներգրավվածության մասին։
Լիբիայի քաղաքացիական պատերազմի պարագայում էլ Թուրքիան ներգրավված է ավելի վաղ՝ հիմնականում 2020-ի հունվարից, եւ ռազմատեխնիկական ու խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում Տրիպոլիում եւ հարակից նահանգներում իշխող Ազգային համաձայնության կառավարության բանակին։ Սա էլ կատարվում է ի հակադրություն Ռուսաստանի աջակցությունը վայելող եւ Լիբիայի Բենգազի քաղաքն ու արեւլյան նահանգերը վերահսկող Լիբիական ներկայացուցիչների պալատի կազմած կառավարությանը։
Ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի պարագայում էր, Լիբիայում եւս Թուրքիան ակտիվորեն ներգրավել է Սիրիայից հավաքագրված վարձկան ստորաբաժանումներ։
Միեւնույն ժամանկ պետք է ընդգծել, որ սա առաջին անգամը չէ, երբ Էրդողանը պարծենում է Լեռնային Ղարաբաղում ընթացած հակամարտության մեջ ունեցած մեծ ներդրումով։ Ընդ որում նա նման ամենավաղ հայտարարությունը հնչեցրել էր դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 2-ին։
Արցախում ռազմական ներգրավվածությունը էրդողանը այդ ժամանակ պայմանվորել էր Միջերկրական ծովի ավազանում՝ մասնավորապես Սիրիայում ընթացող հակամարտությունների համատեքստով, այսինքն այն ձեւով ինչպես հայ-ադրբեջանական վերջին հակամարտությունը իր շահերի եւ անվտանգության շրջանակներում ընկալում էր Թուրքիան։
«Մենք ամեն կերպ աջակցում ենք բարեկամ եւ եղբայրական Ադրբեջանին եւ շարունակելու ենք դա անել։ Այս պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղը չի ազատագրվել օկուպացիայից։ Եթե կապենք Կովկասի, Սիրիայի եւ Միջերկրական ավազանի ճգնաժամերը, տեսնեք, որ սա Թուրքիային շրջապատելու փորձ է»,- հայտարարել էր այդ ժամանակ Էրդողանը։
Վերջին այս հայտարարության մեջ Լիբաին ու Ղրաբաղը զուգահեռաբար հիշատակելը վկայում է, որ Թուրքիան դեռ չի հրաժարվել նման ընկալումներից։ Սակայն հետաքրքրականն այստեղ այն է, որ Էրդողանը խոստանում է նույն ռազմական ճանապարհներով ներխուժել Իսրայել։
Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Պաղեստինի զարգացումները իսկապես Թուրքիան ընկալում է որպես իր անվտանգությանն առնչվող հարց։ Թե սա հերթական պոպուլիստական հայտարարությունն է՝ իսլամական աշխարհին ցույց տալու համար, որ Թուրքիան անտարբեր չէ մուսուլմանների ճակատագրին։
Այնուամենայնիվ հայտարարությունը իսկապես անհասկանալի շատ դրվագներ ունի։ Դրանց իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է հրեա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Մեջբերենք Էրդողանհի հայտարարության անհեթեթության վերաբերյալ նրա գրառումը ամբողջությամբ.
Լապշինի գրառումը
Այս երեկո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան զավթելու եւ օկուպացնելու է Իսրայելը, ինչպես օկուպացրել է Ղարաբաղն ու Լիբիան։ Նրա խոսքով՝ սա լուրջ փորձություն կլինի Թուրքիայի համար, բայց նրանք գլուխ կհանեն։ Սա մեջբերում է։
Էրդողանի հերթական անկեղծ ու ապուշ հայտարարության մեջ հետաքրքիրը ոչ թե այն է, որ նա նույնիսկ սեփական ժողովրդին է վերաբերվում որպես լրիվ հիմարների, այլ այն, որ նա առաջին անգամ բացահայտորեն խոստովանում է, որ Թուրքիան օկուպացրել է Ղարաբաղը: Նաեւ՝ Լիբիան։ Բայց ամենահետաքրքիրը Ղարաբաղի մասն է, քանի որ Թուրքիան միշտ հերքել է իր մասնակցությունը 2020 թվականի 44-օրյա Ղարաբաղյան պատերազմին, իսկ Ադրբեջանը պնդում է, որ ինքնուրույն է կռվել։
Ինչպես ասում են, այն ինչ գիտունի գլխում է, Էրդողանի լեզվի վրա է։ Այս ամենը մենք գիտեինք նախկինում եւս, որ հազարավոր թուրք զինվորականներ կռվել են փոքրիկ արցախյան բանակի դեմ։ Բայց Թուրքիան առաջին անգամ բացահայտորեն ընդունեց դա, եւ կասկածում եմ, որ Էրդողանը դա «բերանից թռցրել է» նույնիսկ առանց մտածելու։
Ինչ վերաբերում է Իսրայելը օկուպացնելու Թուրքիայի խոստումներին, ապա պարզապես ափսոսում եմ ձեր ժամանակը՝ Էրդողանի այս վերջին անհեթեթությունը նույնիսկ քննարկելու համար։ Նա արդեն սպառնացել վերադառնալ «թուրքական» սուրբ Երուսաղեմ, խոստացել է Հունաստանը վերադարձնել Օսմանյան կայսրությանը, սպառնացել է վերցնել ողջ Կիպրոսը, իսկ Սաուդյան Արաբիան դարձնել Թուրքիայի հարավային նահանգ, եւ այսպես շարունակ։
Ինձ թվում է, բացի Էրդողանից ու Ալիեւից, տարածաշրջանում ոչ ոք իրեն թույլ չի տա նման անպատասխանատու եւ տապալված հայտարարություններ անել։ Նա կհարձակվի Իսրայելի վրա, կգրավի այն, եւ դա բացահայտ հայտարարում է ամբողջ աշխարհի՞ն։ Իսկապե՞ս։ Միակ բանը, որին Էրդողանը հասավ դրանով, այն է, որ Իսրայելն այժմ ունի եւս մեկ քարտ-բլանշ Գազայում եւ Լիբանանում գործերն ավարտելու համար: Եվ դա նաեւ ամրապնդեց Իսրայելի դիրքերը աշխարհում (որոնք խստորեն սասանվել էին Գազայում 40 հազար սպանվածների պատճառով)։
Ինչ վերաբերում է սպառնալիքների իրականացմանը, ապա ակնհայտ է, որ Հայաստանի հասցեին Ալիեւի սպառնալիքները մի բան են, եւ սպառնալիքների հետեւում այլ բան կա, բացի դատարկ խոսքերից։ Նրանք իրականում կարող են փորձել ինչ-որ բան անել: Բայց պատկերացրեք, եթե Ալիեւը սպառնար, օրինակ, գրավել Մեծ Բրիտանիան, կամ, ասենք, Ֆրանսիան։ Համեմատությունն ամենեւին էլ վերացական չէ, այլ ամբողջությամբ արտացոլում է Լոնդոնը կամ Մարսելը, ինչպես եւ Թել Ավիվը օկուպացնելու գրեթե հավասար հնարավորությունների մասին իրականությունը։
Այսօր Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ուժերի հարաբերակցությունն այսպիսին է.
- Զինվորակններ, ներառյալ պահեստազորը.
Իսրայել՝ 435 հազար մարդ, Թուրքիա 450 հազար մարդ։ - Մարտական ինքնաթիռներ.
Իսրայել՝ 612 (հիմնականում նոր), Թուրքիա՝ 880 (հիմնականում հնացած)։ - Տանկեր.
Իսրայել՝ 2850, Թուրքիա՝ 2600։ - Հրետանի.
Իսրայել՝ 800, Թուրքիա՝ 1020։ - Միջուկային զենք.
Իսրայել՝ 200-300 մարտագլխիկ, Թուրքիա՝ 0։
Եթե հայացք նետենք քարտեզին, կտեսնենք, որ երկրների միջեւ ընդհանուր սահման չկա։ Ցամաքային ճանապարհով Իսրայել հասնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ գրավել Սիրիան եւ Լիբանանը։ Թուրքիան դեռեւս Սիրիայի հետ սահմանային շրջաններում պատերազմի մեջ է ներքաշված քրդերի եւ սիրիական բանակի հետ։
Խոստացել էի ձեր ժամանակը չվատնել Էրդողանի անհեթեթությունները մեկնաբանելու վրա, բայց այդպես ստացվեց։ Ներողություն եմ խնդրում։
Պատրաստեց Բորիս Ղազարյանը