Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ին՝ գահ բարձրանալու 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Մարոկկոյի թագավորի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության, ուղերձում Մակրոնը նշել է, որ «Արեւմտյան Սահարայի ներկան ու ապագան գտնվում է Մարոկկոյի ինքնիշխանության շրջանակներում»։
Նախագահը Մուհամմադ VI-ին նաեւ վստահեցրել է «թագավորության ազգային անվտանգության այս հարցում Ֆրանսիայի դիրքորոշման անխախտելության մասին» եւ ընդգծել, որ «Ֆրանսիան մտադիր է գործել այս դիրքորոշման համաձայն ազգային եւ միջազգային մակարդակներում»։
Մակրոնն իր ուղերձում նաեւ ընդգծել է, որ Արեւմտյան Սահարայի շրջանների ինքնավարությունը Մարոկկոյի ինքնիշխանության ներքո հանդիսանում է այն հիմքը, որի շրջանակներում այս հարցը պետք է լուծվի։
«Մեր աջակցությունը 2007 թվականին Մարոկկոյի կողմից առաջարկված ինքնավարության ծրագրին հստակ է եւ անսասան: Այն այլեւս համարվում է միակ հիմքը քաղաքական, արդար, տեւական բանակցային լուծմանը հասնելու համար՝ համապատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին»,-ասվում է Մակրոնի ուղերձում։
Արեւմտյան Սահարայում տիրող իրադրությունը երկարատեւ միջազգային վեճի առարկա է արդեն երկար տասնամյակներ շարունակ: Արեւմտյան Սահարայի անկախությանը ձգտում է հասնեկ ՊՈԼԻՍԱՐԻՈՅԻ ճակատը (Սաղյաթ ալ-Համրայի եւ Ռիո դե Օրոյի ազատագրման ժողովրդական ճակատ), որը իսպանական գաղութարարների հետանալուց հետո հռչակեց Սահարայի Արաբական Ժողովրդավարական Հանրապետությունը եւ Ալժիրի աջակցությամբ ռազմական պայքար սկսեց շջրան ներթափանցած Մարոկկոյի բանակի դեմ։
Հակամարտության գոտում մարտերը շարունակվեցին մինչեւ 1991 թվականը եւ դադարեցվեցին ՄԱԿ-ի կողմից այնտեղ խաղաղապահ առաքելություն ուղարկելուց հետո։ Չնայած վերջնական խաղաղության հասնելու համար միջազգային հանրության գործադրած բազմաթիվ նախաձեռնություններին, հակամարտությունը չի կարող լուծվել կողմերի տրամագծորեն հակառակ դիրքորոշումների պատճառով։
Մարոկկոն Արեւմտյան Սահարան համարում է իր անբաժանելի մասը եւ կողմ է միայն թագավորության կազմում ինքնավարություն ձեւավորմանը։ 2007 թվականի հունիսից Մարոկկոն եւ ՊՈԼԻՍԱՐԻՈՅԻ ճակատը բանակցությունների չորս փուլ են անցկացրել, սակայն բոլորն էլ ավարտվել են առանց արդյունքի։
Արեւմտյան Սահարան Մարոկկոյի մաս 2020 թվականին ճանաչել է նաեւ ԱՄՆ-ն։ Սա Վաշինգտոնին պատասխանն էր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Մարոկկոյի կատարած քայելրի, որոնք այդ ժամանակ ամրագրվեցին այսպես կոչված Աբրահամյան համաձայանագրերում։