Կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունեցեցել հայ-թուրքական սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
Հաղորդագրության համաձայն կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նշվում է, որ բանագնացները «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաեւ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար»։
Ռուբինյանն ու Քլըչը նաեւ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որեւէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։