«Ռոսատոմ»-ը սկսել է Մեծամորի ԱԷԿ-ի ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունների գնահատումը։ Այս մասին հայտնում է ռուսական TACC-ը՝ հղում կատարելով պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը։ Ըստ գործակալության մեջբերվող հաղորդագրության աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։
Նշվում է, որ «Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ-ն (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային անոթում տեղադրել է հատուկ սարքավորումներ։ Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ պլանային սպասարկման շրջանակներում:
Հաղորդագրության համաձայն ստացված տվյալները կօգտագործվեն էներգաբլոկի շահագործման ժամկետը եւս 10 տարով՝ մինչեւ 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։
TACC-ի փոխանցմամբ մետաղի փաստացի բնութագրերի փոփոխություններին հետեւելը (ուժ, փխրունություն եւ այլն) իրականացվում է ռեակտորի կոնստրուկցիայում առկա նույնական մետաղից պատրաստված հատուկ նմուշների միջոցով: Նմուշները տեղադրվում են ռեակտորի անոթում՝ հատուկ կոնտեյներներով։
Հայկական ԱԷԿ-ում հետազոտական նպատակով տեղադրված նմուշների բեռնաթափումը կսկսվի 2025 թվականին եւ կիրականացվի յուրաքանչյուր տարի։
2021 թվականին «Ռոսատոմ»-ը Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային անոթում արդեն կատարել է նմանատիպ փորձարկում, ինչը հնարավորություն է տվել 85%-ով վերականգնել կոնստրոկցիայի մետաղի հատկությունները եւ ապահովել դրա հետագա շահագործման հնարավորությունը։