Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վան Յիին հրավիրել է այցելել Ուկրաինա։ Պեկինը հասկացրել է, որ «հետաքրքրված է» առաջարկով, հայտնում է Reuters-ը։
«Մենք պատրաստ ենք ողջունել նախարար Վան Յիին Ուկրաինայում՝ մեր երկրի դեմ ռուսական ագրեսիայի հետեւանքները սեփական աչքերով տեսնելու եւ իր հետ մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ ավելի խորը երկկողմ բանակցություններ վարելու համար»,-ասել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին։
Հիշեցնենք, որ հուլիսին Չինաստան էր այցելել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Այնտեղ նա Վան Յիի հետ քննարկել էր ռուս-ուկրաինական պատերազմը եւ խաղաղության հնարավոր ուղիները։ Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այցի ընթացքում հաստատել էր, որ Կիեւը պատրաստ է որոշակի ժամանակահատվածում բանակցություններ վարել Մոսկվայի հետ։ Կուլեբան նաեւ ընդգխել էր, որ Ուկրաինայում արդար խաղաղությունը համապատասխանում է ՉԺՀ-ի ռազմավարական շահերին։
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից Պեկինը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, սակայն չի դատապարտել ռուսական ագրեսիան։