Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրի դեմ իրականացված հարձակման հետեւանքով, որի պատասխանատուն Իսրայելն է։
«Եղբայր, առաջնորդ, մոջահեդ Իսմայիլ Հանիեն, շարժման առաջնորդը, սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետեւանքով՝ Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելուց հետո»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության տեքստում։
Թե ինչպիսի հարձակման մասին է խոսքը, պաղեստինյան խմբավորումը դեռեւս չի պարզաբանել։
Հանիեի մահվան մասին հայտնել է նաեւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ սպանվել է նաեւ նրա թիկնապահներից մեկը։
Իսրայելի իշխանություններն ու զինվորականները դեռ ոչինչ չեն հայտարարել Հանիայի մահվան մասին։ Իսրայելական բանակի ներկայացուցիչն էլ CNN-ին ասել է, որ «չի արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»:
Արաբական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Հանիեն սպանվել է ուղիղ հրթիռային հարվածից, սակայն այս տեղեկությունը դեռ պաշտոնական աղբյուրներից հաստատման կարիք ունի։
Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խստորեն դատապարտել է Հանիեի սպանությունը։
Պաղեստինյան տարբեր կազմակերպություններ իրենց կողմնակիցներին կոչ են արել բողոքի գործողություններ սկսել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանության դեմ։
62-ամյա Իսմայիլ Հանիեն 2006 թվականից համակարգում էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական գործողությունները որպես շարժման Քաղբյուրոյի նախագահ եւ կենտրոնական դերակատարում ուներ Իսրայելի հետ հրադադարի եւ գերիների փոխանակման շուրջ վերջին բանակցություններում: