Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ՝ նշելով, որ հարվածի թիրախը եղել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը, ով պատասխանատու է հուլիսի 27-ին Գոլանի բարձունքների Մաջդ ալ-Շամս բնակավայրի հրթիռակոծման համար, որի հետեւանքով 12 երեխաներ էին զոհվել։
Մի քանի ժամ անց Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարեց, որ իսրայելական հարվածի արդյունքում սպանվել է շիայական «Հեզբոլլահ»-ի «ամենաբարձր» ռազմական հրամանատար եւ շարժման ռազմավարական հարցերով պատասխանատու Ֆուադ Շուքրին:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նա եղել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի «աջ ձեռքը» եւ գործողությունների պլանավորման խորհրդականը: Բացի Գոլանի բարձունքներում տեղի ունեցածից, Իսրայելը նրան մեղավոր է համարում «երկար տարիների ընթացքում իսրայելցիների եւ օտարերկրյա քաղաքացիների սպանության համար»:
«Հեզբոլլահին» մոտ կանգնած AFP-ի եւ Reuters-ի աղբյուրները հաստատել են, որ հարվածի նպատակը իսկապես եղել է բարձրագույն հրամանատար Ֆուադ Շուքրին սպանելը, ով Իսրայելի դեմ ղեկավարում է շարժման ռազմական թեւի գործողությունները հարավային Լիբանանում։ Աղբյուրները ընդգծել են, որ նա ողջ է մնացել:
Բեյրութի հարվածի մասին հաղորդագրությունից կարճ ժամանակ անց հայտարարությունով հանդես է եկել նաեւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալլանտը է նշելով, որ «Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը»: Նրա խոսքերը մեջբերում է Times of Israel-ը։
Իսրայելական հարձակման հետեւանքով Բեյրութի Հարեթ Հրեյք շրջանում ավերվել է բազմահարկ շենք։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զոհվել է մեկ կին, վիրավորվել՝ 68 մարդ, որոնցից հինգի վիճակը ծանր է։
Լիբանանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, որից արձակվել է երեք հրթիռ։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին դատապարտել է հարվածը՝ այն անվանելով «իսրայելական բացահայտ ագրեսիա»։
Իրանը Իսրայելի գործողություններն անվանել է «հանցավոր», իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութին հարվածը «միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»: