ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ուղղված զեկույցում Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ աշխատանքները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման համար։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդար եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը եւ աշխատում ենք սեւծովյան երկրների միջեւ ավելի խորը համագործակցության խթանման ուղղությամբ»,-ասվում է զեկույցում։
Դրանում Օ’Բրայենը նաեւ նշում է, որ տարածաշրջանի որոշ հատվածներում կան մարտահրավերներ ուղղված ժողովրդավարության դեմ, որտեղ հետընթացը էական մտահոգություներ է առաջացնում: ԱՄՆ փոխպետքարտուղարը այդպես էլ չի հստակեցնում թե կոնկրետ, որ շրջանների մասին է խոսքը, սակայն հաջորդող տողերում նշում է․ «Մենք պետք է պահպանենք մեր ուշադրությունը այնպիսի երկրների վրա, ինչպիսին Վրաստանն է, աշխատելով համախոհ գործընկերների հետ՝ խթանելու ժողովրդավարությունը ամրապնդող միջոցառումները եւ խթանելու այս կառավարությունների վերադարձը եվրատլանտյան ուղի»։
Զեկույցում Օ’Բրայենը նշում է, որ Վաշինգտոնը ձգտում է օգնել Ռուսաստանի պերեֆերիաների (խոսքն այս դեպքում հետխորհրդային տարածաշրջանում ռուսական քաղաքական ազդեցության տակ գտնվող երկրների մասին է) այն երկրներին, որոնք պայքարում են ԵՄ-ին անդամակցելու համար եւ Ռուսաստանի ավտորիտար ճնշումների դեմ։ Նա նաեւ ավելացնում է, որ ԱՄՆ-ն աշխատում է նրանց առաջնորդների հետ, այդ երկները «գորշ գոտուց» դուրս բերելու եւ արեւմտյան տիպի ժողովրդավարության ուղղով տանելու համար։
«Մենք ճանապարհ ենք կառուցում Արեւմտյան Բալկանների, Մոլդովայի եւ Կովկասի երկրների համար՝ անկախ Չինաստանի եւ Ռուսաստանի վնասակար ազդեցությունից: Այդ պերեֆերիաների որոշ էլիտաներ դեմ են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու համար անհրաժեշտ կոշտ բարեփոխումներին: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի այդ բարեփոխումներն իրականացվեն»,-ասվում է զեկույցում։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Օ’Բրայենը Բաքու այցից առաջ կարեւորել էր Հարավային Կովկասում ապաշրջափակումը՝ նշելով, որ այն ավելի լայն քաղաքական ու տնտեսական հարցերի հետ է կապված։ Այդ համատեքստում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարեւորել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը՝ նշելով, որ նման գործընթացը օգուտներ կարող է բերել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլ նաեւ Կենտրոնական Ասիային։
Օ’Բրայենի խոսքերով այդ տարածաշրջանի բոլոր երկրներն այժմ իրենց արտահանումը աշխարհի այլ երկրներ կազմակերպում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով, եւ որպեսզի այլընտրանքային ելքունենան պետք է աշխատեն արտահանումները կազմակերպել նաեւ Ադրբեջանի տարածքով։
Այս համատեքստում Ճանապարհներից մեկը պետք է անցնի Վրաստանի տարածքով եւ հասնի դեպի Սեւ ծով, բայց մեկ այլ պոտենցիալ ավելի լայն ճանապարհ կանցնի Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով:
«Ուղիներից մեկը Վրաստանի տարածքով գնում է դեպի Սեւ ծով, բայց մեկ այլ պոտենցիալ եւ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիր՝ վերջ դնելու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը պահպանվում է 1990-ականներից»,-ասել էր փոխպետքարտուղար Օ’Բրայենը եւ ընդգծել․ «Եվ մեր ուղերձը հետեւյալն է․ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ միայն այս համատեքստում մենք կկարողանանք լուծել պատերազմի բազմաթիվ խնդիրներ»։